Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ժամանակն է պահոցներից հանել գիտական արտադրանքը և ներկայացնել հանրությանը

 

 

Բաց մատչելիության շաբաթվա շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմը հոկտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկմանը: Միջոցառման հիմնական նպատակը «Հայաստանի ամերիկյան համալսարանի և Պետական կառավարման ակադեմիայի գրադարաններում բաց մատչելիության հրատարակչական մոդելի ձևավորում» (OAPA) ծրագիրը ներկայացնելն էր:

Մինչ այդ ՀԱՀ-ի ՀԲԸՄ «Փափազյան» գրադարանի տնօրեն Սաթենիկ (Բելլա) Ավագյանը խոսեց բաց մատչելիության նպատակի ու առավելությունների մասին, ներկայացրեց, թե ինչ է ինստիտուցիոնալ պահոցը: Նա նշեց, որ ծրագրի մասնակիցները բաց մատչելիության գործընթացի պիոներներն են, և իրենց գլխավոր նպատակը Հայաստանի ուսանողների ու դասախոսների հետ աշխատելն է՝ նրանց գիտական արտադրանքը հանրությանը մատչելի դարձնելու համար:

Այդ նպատակն իրագործելու ճանապարհին նախ անհրաժեշտ է հետազոտական աշխատանքով զբաղվողներին բացատրել, թե ինչ առավելություններ ունի գիտական աշխատությունները թվային տարբերակով հանրությանը հասանելի դարձնելը, մատնանշել հատկապես դրանց տեսանելիության մեծացման հանգամանքը:

Բաց մատչելի ինստիտուցիոնալ պահոցների ստեղծման և գործարկման դեպքում պետք է հետևողական լինել հեղինակային իրավունքի պահպանման հարցում: Թվային հարթակում տեղադրելու համար հոդվածների հեղինակների համաձայնությունը պարտադիր է: Այս մասին գործընկերներին տեղեկացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ «Փափազյան» գրադարանի սպասարկման բաժնի վարիչ, Հայաստանում EIFL-IP բաց մատչելիության ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանը: Նա ասաց, որ բաց մատչելիությունն ու հեղինակային իրավունքը չեն հակասում միմյանց, պարզապես գիտական արտադրանքը օրինական կերպով մատչելի դարձնելու համար տվյալ թվային հարթակը պետք է մշակված ռազմավարություն ունենա:

Բուն ծրագիրը ներկայացրին Տաթև Զարգարյանը (ՀԱՀ ՀԲԸՄ «Փափազյան» գրադարանի գրադարանային համակարգերի և էլեկտրոնային ծառայությունների ծրագրերը համակարգող գրադարանավար) և Թերեզա Խեչոյանը (ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր):

Տիկին Խեչոյանը տեղեկացրեց, որ Կառավարման ակադեմիան արդեն իսկ մշակել է համապատասխան փաստաթղթերը, համաձայնագրի ձևը, հետկանչի, արգելքի հնարավորությունները: Ծրագրի մեկնարկից հետո Ակադեմիայում վերջինիս իրազեկման ուղղությամբ բավական աշխատանք է կատարվել: Ակադեմիայի ասպիրանտների և հայցորդների շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ աստիճանաբար մեծանում է նրանց հետաքրքրվածությունը բաց մատչելիության հանդեպ:

Հայաստանի ամերիկյան համալսարանը բաց մատչելիության վերաբերյալ գրադարանային ուղեցույցներ է մշակել, որոնք ներկայացրեց համալսարանի գրադարանի սպասարկման բաժնի գրադարանավար Արազ Մարկոսյանը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրեց իրենց համալսարանական գրադարանի վերջին ձեռքբերումը՝ «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում» ծրագիրը:

Քննարկումների ընթացքում հատկապես կարևորվեց բաց մատչելիության ոլորտում ազգային քաղաքականության մշակման, առանձին համալսարանների գրադարանների կողմից կատարված աշխատանքային փորձի փոխանակման, հեղինակային իրավունքի մասին օրենքի հետ ունեցած խնդիրները հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը:

 

Նորություններ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի …