Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ընդլայնվել են Ռայմոնդ Եզեգելյանի բարեգործական նախաձեռնության սահմանները

Արդեն վեցերորդ տարին է, ինչ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ֆրանսահայ գործարար-բարերար, իրավաբանական մասնագիտացումների հայ-ֆրանսիական ֆեդերացիայի նախագահ Ռայմոնդ Եզեգելյանի բարեգործական նախաձեռնությունների թիրախում է: Նրա աջակցությամբ Ակադեմիայում լսարան է վերանորոգվել և անվանակոչվել Եզեգելյանի անունով: Ակադեմիայի բարեկամն ամեն տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կրթօջախի շուրջ երկու տասնյակ ուսանողի: Բարեգործի անվան միանվագ կրթաթոշակի շահառուները բարձր առաջադիմություն ունեցող, սահմանամերձ բնակավայրերում ապրող կամ զինված ուժերում ծառայած և ծառայող ուսանողներն են:

Չնայած պատկառելի տարիքին՝ Ռայմոնդ Եզեգելյանը գրեթե ամեն տարի անձամբ է ժամանում Հայաստան և իր ձեռքով շահառուներին հանձնում նրանց համար հատկացված գումարը: Դեկտեմբերի 24-ին նա հերթական անգամ հյուրընկալվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը նշեց, որ թեև նման հանդիպումներն ավանդաբար տեղի են ունենում բարերարի անվան լսարանում, սակայն այս անգամ, օրվա խորհրդին համահունչ, որոշել են արարողությունը կազմակերպել անմահացած ակադեմիականների անունը կրող լսարանում: Իր ողջույնի խոսքում ռեկտորը շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի բարեկամին անգնահատելի աջակցության համար, նաև ներկաներին տեղեկացրեց, որ առաջիկայում բարերարի աջակցությամբ կվերանորոգվի Ակադեմիայի մարզադահլիճը:

Այս տարի բարեգործության օրակարգում որոշակի փոփոխություն էր կատարվել: Ոչ միայն նվիրաբերվող գումարի չափն էր զգալիորեն մեծացել, այլև աջակցություն ստացողների թիվը: Ընդլայնվել էին նաև բարեգործության սահմանները: Ֆրանսահայ բարերարը 25 հազար դոլար ընդհանուր ֆոնդից 1000-ական դոլար ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած ակադեմիականների ընտանիքներին: Իսկ Ակադեմիայի տարբեր կրթական ծրագրերով սովորող 40 ուսանողի 500-ական դոլար կրթաթոշակ հանձնվեց:

Ռայմոնդ Եզեգելյանի ներկայացուցիչը՝ Հայաստանում ֆրանկոֆոն փաստաբանների միության նախագահ Մարտուն Փանոսյանը, բարերարի անունից շնորհակալություն հայտնեց պատերազմում անմահացած ակադեմիականների ընտանիքների անդամներին: Ասաց, որ բարերարի բոլոր հայրենանվեր նախաձեռնությունները մեր հայրենակիցներին օգնելու նպատակով են: Նաև հավաստիացրեց, որ նման ծրագրերը շարունակական են լինելու:

Մագիստրանտները ևս իրենց շնորհակալական խոսքն ասացին բարերարին: Նրանք ոչ միայն բարձր գնահատեցին բարերարի նախաձեռնությունը, այլև հավաստիացրին, որ այն պատասխանատվություն է ծնում իրենց մեջ պետության և երկրի ապագայի հանդեպ:

Նորություններ

Հունվարի 14-ին Կառավարման ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի՝ Խորհրդի նիստ…