Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Երկիրը սիրելու ճանապարհին

  

«Հզոր Հայաստան կառուցելու համար մենք բոլորս պետք է սովորենք ապրել իրար հետ, սիրել իրար, ընտանիք կազմել, շատ երեխաներ ունենալ, պաշտպանել երկրի սահմանները, կռվի գնալ, խնդիրները սիրով լուծել…»:

Այս խոսքերով է ձևակերպում մեր երկրի գլխավոր խնդիրը ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, որը հոկտեմբերի 23-ին հյուրընկալվել էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ Ակադեմիայի «Քաղաքական կառավարում և հանրային քաղաքականություն» ամբիոնի հրավերով: «Քաղաքական զարգացումների հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայի ունկնդիրները գուցե ակադեմիական ոճի դասախոսություն էին սպասում, սակայն հենց սկզբից ներգրավվելով երկխոսության մեջ՝ նրանք էլ բանախոսի հետ փորձեցին գտնել հայկական ինքնության ձևակերպումը, պատասխանել այն հարցին, թե զարգացման ներկա փուլում ինչ երազանքներ ու նպատակներ ունի հայ մարդը:

«Իմ ընկալմամբ, եթե այս սերունդը գոնե 200 տարվա երազանք չունենա ձևակերպած, Հայաստան պետությունը մի օր կսպառվի, ինչպես պարբերաբար եղել է պատմության ողջ ընթացքում,- ասաց Թևան Պողոսյանը:- Այս ընկալումից ելնելով էլ պետք է ժամանակ գտնեք ձևավորելու ձեր դերը, դիրքը և խոսքով ձևակերպելու ձեր երազանքը: Որովհետև ամենալավ գաղափարն անգամ գործի չի վերածվի, եթե խոսքով ձևակերպված չլինի»:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ մենք կանգնած ենք նոր մշակույթ ձևավորելու շեմին, մշակույթ, որը պետք է հիմնված լինի ազգային արժեքների և պահպանողականության վրա: Իհարկե, ազգային արժեք ասվածը միանշանակ չի ընկալվում բոլորի կողմից, պահպանողականությունն էլ ընտանեկան խնդիրները ձեռքը սեղանին խփելով կարգավորելը չէ: Խոսքը պիտի հասկանալի դարձնի մեզ և դիմացինին, ուստի շատ կարևոր է միմյանց լսելու և ընկալելու ունակությունը:

«Եղե՛ք ինքներդ ձեր քննադատը, մտածեք՝ ինչպես ունենալ այնպիսի սերունդ, որը պատրաստ է պաշտպանելու հայրենիքը: Եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել, սկսեք ինքներդ ձեզնից,- մագիստրանտներին խորհուրդ տվեց Թևան Պողոսյանը:- Լավ Հայաստանը ինքնիրեն չի ստեղծվում, դո՛ւք եք կառուցելու այդ լավ Հայաստանը: Երկիրը սիրելու ճանապարհը պետք է անցնել այն ճանաչելու ճանապարհով: Այդ դեպքում կունենանք հզոր պետություն»:

Նորություններ

Wintour Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիր` կրթաթոշակը ներառյալ…