Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Որոշումների կայացման գործընթացը՝ նեյրոտնտեսագիտության ուսումնասիրության առարկա

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանություն» ամբիոնի հրավերով ամբիոնի ուսանողների առջև հանդես եկավ Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ասպիրանտ Անուշ Ղամբարյանը: Հայ ասպիրանտը միջազգային դպրոցում հետազոտություններ է կատարում նեյրոգիտության ոլորտում, որոնք մագիստրատուրայում կառավարման հոգեբանությանը վերաբերող իր կատարած հետազոտությունների շարունակությունը կարելի է համարել: Նրա հետաքրքրությունների առանցքում որոշումների կայացման գործընթացն է:

«Որոշումների կայացման նեյրոուսումնասիրություններ» թեմայով զեկուցումը Անուշ Ղամբարյանն սկսեց նեյրոտնտեսագիտության մասին ներածական խոսքով, նշեց, թե որտեղից է այն առաջացել և ինչու:

Բանախոսն ասաց, որ նեյրոգիտության զարգացման հիմքում երեք հիմնավոր պատճառ կա, և այսօր արդեն տնտեսագիտությունը կամ հոգեբանությունը բավարար չեն մարդու վարքագծի ամբողջական պատկերը ներկայացնելու համար:

«Նախ՝ նեյրոուսումնասիրությունները հարցականի տակ են դնում այն բոլոր հետազոտությունները, որոնց վրա հիմնված է տնտեսագիտությունը: Երկրորդ պատճառը նեյրոգիտության ոլորտի ձեռքբերումներն են. այժմ հնարավորություն կա մուտք գործելու ուղեղ և հետևելու այնտեղ տեղի ունեցող գործընթացներին: Երրորդ պատճառը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է, որը թույլ է տալիս ծրագրավորման միջոցով ստեղծել մոդելներ, որոնք առավելագույնս բացատրում են մարդու վարքագծային տվյալները»:

Անուշ Ղամբարյանն այնուհետև անդրադարձավ նեյրոտնտեսագիտության մեթոդներին, ապա մասնավոր օրինակով հիմնավորեց ոլորտում կատարվող հետազոտությունների անհրաժեշտությունը: Վերջում բանախոսը պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին:

Նորություններ