Վերապատրաստվում են Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային ծառայողները

ՀՀ պետական կառավարման ակադեմիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ակադեմիան, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, նպատակադրվել է իրականացնել շուրջ 700 համայնքային ծառայողի վերապատրաստում 35 խմբով: Համայնքային ծառայողների վերապատրաստման 2024 թ. պաշտոնական մեկնարկը տրվել է մայիսի 13-ին. մինչև մայիսի 23-ն անցկացված դասընթացին մասնակցեցին ՀՀ Արմավիրի մարզի 40 համայնքային ծառայողներ երկու խմբով:

Մայիսի 27-ից հունիսի 7-ը կանցկացվի ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերի 4 խմբում ընդգրկված համայնքային ծառայողների վերապատրաստումը։ Վերապատրաստման ծրագրի ընդհանուր տևողությունը յուրաքանչյուր խմբում սահմանված է 72 ժամ:

Մայիսի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանում անցկացվող դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը: Վարչության պետը պատասխանեց համայնքային ծառայողներին հետաքրքրող բազում հարցերի, որոնք վերաբերում էին համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրների լուծմանը, գործընթացներին
առնչվող ընթացակարգերի հստակեցմանը, համայնքային ծառայողների կարգավիճակի բարելավմանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը նույնպես ողջունեց վերապատրաստման մասնակիցներին` շեշտելով ողջ կյանքում սովորելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու կարևորությունը, որն այսօր ընձեռված է համայնքային ծառայողներին:

Ի դեպ, համայնքային ծառայողները դրական արձագանքեցին և՛ այն փաստին, որ իրենց վերապատրաստման դասընթացն սկսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչի մասնակցությամբ, և՛ այն, որ հնարավորություն ունեն իրենց կարողությունները բարելավելու արհեստավարժ դասախոսական կազմի շնորհիվ:

Նշենք, որ վերապատրաստման ոլորտում բազմամյա փորձ ունեցող Պետական կառավարման ակադեմիայում առանձնակի կարևորություն է տրվում մարդկային ռեսուրսի հզորացմանը` հանրային ծառայողների արհեստավարժությունը համարելով երկրի ռազմավարական խնդիրների լուծման հիմնական նախապայման: Միանշանակ է, որ վերապատրաստման արդյունավետ համակարգը համայնքային ծառայողների կարողությունների զարգացման հիմնական գործիքներից է: Իսկ վերապատրաստումից ակնկալվող արդյունքը երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական նպատակների իրագործումն է:

Նշենք, որ համայնքային ծառայողների վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի մարտի 136-ի N 10-Լ հրամանով հաստատված վերապատրաստման ծրագրով: Ծրագրում ընդգրկված բաժիններն են` «Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» (44 ժամ), «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» (8 ժամ), «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը» (6 ժամ) և Կառավարչական հմտություններ (14 ժամ), մասնավորապես` «Կոռուպցիա» հասկացությունը և տեղական ինքնակառավարման համակարգում կոռուպցիայի ընկալման մակարդակը», «Բարեվարքություն (էթիկա) հասկացությունը», «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը», «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը», «Գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպումը» և այլն:

Վերապատրաստման ավարտից հետո մասնակիցները կստանան հավաստագրեր:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների ղեկավարներ, համայնքների ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ) վերապատրաստմանը, ապա այն մեկնարկել էր ՀՀ Սյունիքի մարզից: Մայիսի 6-8-ը կազմակերպված դասընթացին մասնակցել են Կապան համայնքի ղեկավարների տեղակալներն ու ավագանու անդամները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից իրականացվող տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների ղեկավարներ, համայնքների ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ) և համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները կշարունակվեն մինչև տարվա վերջ:

Leave a Reply