Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստման դասընթացներ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՄԱԶԾ ԳԵՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում հուլիսի 23-25-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքներում, իսկ հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցեցին 117 ունկնդիր:

Էկոլոգիական նոր քաղաքականության ձևավորումը ներկա և ապագա սերունդների համար էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրում առողջ և բարեկեցիկ կյանքով ապրելու կայուն երաշխիքներ կստեղծի։ Այս նպատակի իրագործումը կարևոր խնդիր է, որն անհնար է առանց էկոլոգիական կրթության ու դաստիարակության։

Դասընթացների մասնակիցները ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների քաղաքացիական ծառայողներն էին, Վանաձորի, Ալավերդու, Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և այլ համայնքների համայնքապետարանների ծառայողներն ու աշխատակիցները։ Դասընթացին մասնակցել են նաև համայնքի ղեկավարներ, ղեկավարի տեղակալներ և ավագանիների անդամներ:

Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը հեռանկարային է` հաշվի առնելով համայնքային ծառայողների դերը բնապահպանական տեսանկյունից կայուն և տնտեսապես շահավետ որոշումների կայացման հարցում:

Վերապատրաստման ծրագրի նպատակը ունկնդիրների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` ներառյալ համաշխարհային և հայաստանյան բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման արդի մոտեցումներն ու միջոցները, բնապահպանական կայուն կառավարման գործիքները, Հայաստանի մասնակցությունը միջազգային բնապահպանական կոնվենցիաներին և դրանց շրջանակներում ունեցած պարտավորությունները,  բնապահպանության կապը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ, բնապահպանության կարևորությունը ազգային անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից։

Դասընթացի ընթացքում քննարկվել են Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին ու հնարավորություններին, պատասխանատու սպառմանը, բնապահպանական կառավարմանը, կայուն արտադրությանը, պատասխանատու սպառմանը, կայուն գյուղատնտեսությանը, թափոնների վերացմանը, կենսաբազմազանությանը և կայուն անտառներին վերաբերող թեմաներ:

Դասընթացի արդյունավետության մասին վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով դասընթացի սկզբում և ավարտին անցկացվել է թեստավորում։ Թեստի նախնական և ավարտական արդյունքներն էականորեն տարբերվում էին: Ավարտական արդյունքները բավական գոհացուցիչ էին, ինչը վկայում է, որ դասընթացը ծառայել է իր նպատակին:

Երկօրյա վերապատրաստման վերջում մասնակիցները նաև վերապատրաստման ծրագիրը գնահատելու, սեփական առաջարկություններն ու կարծիքները ներկայացնելու հնարավորություն էին ստացել:

Ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……