Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստում Կրետեի համալսարանում որակի ապահովման հարցերի շուրջ

 

 

2017թ. սեպտեմբերի 25-29-ը Կրետեի համալսարանում (Հունաստան) տեղի ունեցավ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով»  (LNSS) ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպումը, որը նվիրված էր որակի ապահովման հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը և մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Մովսիսյանը: Մասնակիցների թվում էին նաև կոնսորցիումի անդամ երկրների բուհերի ներկայացուցիչները՝ գրադարանավարներ և որակի ապահովման մասնագետներ, ինչպես նաև ծրագրի եվրոպական գործընկերները:

Հանդիպման ընթացքում Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը ներկայացրեց LNSS ծրագրի շրջանակում վերջինիս մեկնարկից ի վեր իրականացված միջոցառումները և արդյունքները: Ծրագրի ձեռքբերումներից հատկանշական է այն, որ մշակված ութ մոդուլների պիլոտային  դասընթացների և եվրոպական գործընկերների կողմից իրականացված ESP  («Անգլերեն հատուկ նպատակների համար») դասընթացի և ուսումնական մոդուլների պատրաստման ու որակի ապահովման դասընթացների ընթացքում վերապատրաստվել է 522 մասնագետ՝ գրադարանավարներ, դասախոսներ, ուսանողներ:

Կոնսորցիումի անդամներին` Արևելյան գործընկերության երեք երկրների (Հայաստան, Մոլդովա և Բելառուս) ինը բուհերի ներկայացուցիչներին, հանձնարարվեց պատրաստել և ներկայացնել 2018 թ. կայանալիք «Գրադարանների տեղեկատվական օր» միջոցառման տեսլականը և SWOT վերլուծությունը:

Հնգօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին որակի ապահովման գործընթացը, որակի սահմանման մոտեցումները, որակի կառավարումը, վերջինիս նպատակները, որակի ապահովման ծրագրի բովանդակությունը, որակի արդի ազդեցությունները, ընդհանուր որակի կառավարումը և իրագործումը, ISO չափանիշները, որակի ապահովումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (բոլոնյան գործընթաց) և այլն:

Մասնակիցներին նաև ներկայացվեց կրթության ոլորտում ռիսկերի կառավարման գործընթացը: Հանդիպումը եզրափակվեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (English as a Medium of Instruction) վերապատրաստման ծրագրով:

Վերապատրաստում-հանդիպման ընթացքում արծարծվեցին հարցեր գրադարանի որակի ապահովման չափանիշների և LNSS ծրագրի շրջանակում հետագա անելիքների վերաբերյալ: Մասնակիցները ճանաչողական այցով եղան նաև Կրետեի համալսարանի գրադարանում, ծանոթացան գրադարանի շենքային պայմաններին, ինչպես նաև գրադարանի հատուկ լաբորատորիայում գրքերի վերականգնման աշխատանքերին ու մեթոդներին: Այց կազմակերպվեց նաև Ռետիմնո քաղաքի Հանրային գրադարան, որն աչքի էր ընկնում ոչ միայն հարուստ գրականությամբ, այլև շենքային հարմարավետ պայմաններով և հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արդի տեխնոլոգիաներով:

 

 

 

 

 

  

 

 

Նորություններ

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ …..