Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստման գործընթացը շարունակական կատարելագործման կարիք ունի

Մայիսի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց քաղաքացիական ծառայողների վերապատրաստման 2018 թվականի առաջին դասընթացը: Այն տարբերվում է մինչ օրս կազմակերպված դասընթացներից թե՛ իր ձևաչափով, թե՛ բովանդակությամբ: Խոսելով վերապատրաստման դասընթացի մասին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այս տարի ավելի մեծ թվով հանրային ծառայողներ են վերապատրաստվելու Կառավարման ակադեմիայում. մեկ ամսում՝ շուրջ 1600 քաղծառայող:

«Չափազանց կարևոր է հանրային ծառայողների վերապատրաստման դերը պետության կայացման գործում,- ասաց Արսեն Լոքյանը:- Ցանկանում եմ հիշեցնել Կառավարման ակադեմիայի կարգախոսներից մեկը՝ «Արհեստավարժ հանրային ծառայողներ՝ կայուն պետություն»: Սա պատահական ասված չէ, որովհետև կայուն պետության հիմքը արհեստավարժ հանրային ծառայողներն են: Ունենալով արհեստավարժ հանրային ծառայողներ՝ մենք կապահովենք մեր երկրի առաջընթացը, պետական համակարգի կայունությունը»:

Արսեն Լոքյանը տեղեկացրեց, որ Պետական կառավարման ակադեմիան անցյալ տարի մի շատ կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել. մշակել է վերապատրաստման կարիքի բացահայտման մեթոդաբանությունը: Մեր երկրում սա նոր փորձ է՝ դեռևս ոչ լիովին ձևավորված, սակայն նպատակակետ ունենալով թիրախային վերապատրաստումների իրականացումը՝ բոլոր ջանքերն ուղղված են դրա ներդրմանն ու կայացմանը:

Այսօր մեկնարկել են «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Կառավարման հոգեբանությունը պետական ծառայությունում», «ՀՀ սահմանադրական բարեփոխումները և քաղաքացիական ծառայությունը օրենսդրական փոփոխությունների համատեքստում», «Բարեվարքության ամրապնդում և հակակոռուպցիոն հմտություններ» թեմաներով դասընթացներ: Այսօր արդեն վերապատրաստման մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրելու, թե ո՛ր թեմայով դասընթացին մասնակցեն: Երբ վերջնականապես կբացահայտվեն հանրային ծառայողների կարիքները, վերապատրաստման գործընթացը կլինի ավելի ճիշտ ու թիրախային:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկած յոթ թեմաներից վեցի վերապատրաստումն իրականացվելու է Պետական կառավարման ակադեմիայում: Այդ կապակցությամբ Արսեն Լոքյանն ասաց.

«Հանրային ծառայողների վերապատրաստումը Ակադեմիայի հիմնական կանոնադրական գործառույթն է: Բացի այդ, Կառավարման ակադեմիան է հաղթող ճանաչվել գնումների մրցույթում: Ուստի այս տարի աննախադեպ մեծ թվով քաղծառայողներ են վերապատարաստվելու Ակադեմիայում: Բացի քաղաքացիական ծառայողներից՝ մենք պլանավորել ենք իրականացնել նաև համայնքային ծառայողների և Ազգային ժողովի աշխատակազմի վերապատրաստում: Թե՛ տեխնիկական հագեցածության, թե՛ վերապատրաստողների պատրաստվածության առումով Կառավարման ակադեմիան հնարավորություն ունի բարձր մակարդակով իրականացնելու իր խնդիրը»:

 

Նա նշեց, որ հընթացս նաև վերահսկվելու է վերապատրաստման գործընթացը՝ բոլոր թերությունները բացահայտելու և շտկելու համար:

«Սա այնպիսի գործընթաց է, որը շարունակական կատարելագործման կարիք ունի: Հնարավոր չէ հասնել մի փուլի, երբ կարող ենք ասել, թե այլևս անելիք չունենք: Մի կողմից աշխատաշուկայում ի հայտ եկած նոր մասնագիտությունների հանգամանքը, մյուս կողմից նոր հանրային ծառայողների ընդգրկվածությունը համակարգում ստիպելու են, որ վերապատրաստման, լրացուցիչ ու շարունակական կրթության հարցերը միշտ լինեն մեր ուշադրության կիզակետում»:

Նոր մեթոդաբանությամբ անցկացվող վերապատրաստումների մասին խոսելով՝ ՀՀ ՔԾ խորհրդի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ վերապատրաստման մեթոդաբանության փոփոխությունը պայմանավորված է քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների տրամաբանությամբ: Նա տեղեկացրեց, որ ՔԾ խորհուրդը համակարգի վերապատրաստման կարիքի գնահատում է անցկացրել, ինչն էլ վերապատրաստման դասընթացները նոր ձևաչափով կազմակերպելու հիմք է դարձել:

«Այս վերապատրաստման մասնակիցներն իրենք են ընտրել դասընթացի թեման, իրենք են որոշել, թե ինչ է անհրաժեշտ իրենց այս փուլում, որպեսզի իրենց աշխատանքի որակը բարձր լինի: Երկշաբաթյա դասընթացներ այլևս չեն լինելու: Անսալով քաղծառայողների ցանկությանը՝ երկօրյա, եռօրյա, որոշ դեպքերում՝ հնգօրյա դասընթացներ են կազմակերպվելու, որպեսզի մարդիկ երկար ժամանակով չկտրվեն աշխատանքից:

Վերապատրաստումների մեծ մասն իրականացնելու է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, քանի որ գնումների ընթացակարգում ամենացածր գինը Ակադեմիան է առաջարկել: Ցավում եմ, որ մեր մյուս գործընկերները դժգոհությամբ են ընդունել այդ փաստը, սակայն հիշեցնենք, որ դա ընդամենը գնումների գործընթաց է, և շահել է այն կազմակերպությունը, որն ամենացածր գինն է առաջարկել»:

Ռուզաննա Խաչատրյանը նաև ասաց, որ վերապատրաստման այս փուլի ավարտից հետո ՔԾ խորհուրդը հարցումներ կանցկացնի՝ պարզելու համար, թե արդյունավե՞տ էր արդյոք այս ձևաչափը:

 

 

Նորություններ

2018-2019 ուս. տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ: