Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստման դասընթացներ Շիրակի մարզում

Բնապահպանական խնդիրների վերաբերյալ քաղաքացիական և համայնքային ծառայողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացները շարունակվում են:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից իրականացվող ՄԱԶԾ ԳԵՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում հունիսի 19-21-ը վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեցին Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ քաղաքներում:

Դասընթացների 46 մասնակիցները ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայողներն էին, Գյումրու, Արթիկի, Հայկավանի, Մարմաշենի, Ազատանի, Ամասիայի, Արփիի, Գետափի, Լեռնակերտի, Գեղանիստի, Անիի, Արևշատի  և այլ համայնքապետարանների համայնքային ծառայողներն ու աշխատակիցները, այդ թվում՝ համայնքի ղեկավարներ և համայնքի ղեկավարների տեղակալներ:

Նշենք, որ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ ուղղակիորեն վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնօգտագործմանը։

Վերապատրաստման ծրագրի նպատակը և դասընթացների ընթացքում ներկայացված մոդուլներն ուղղված էին ունկնդիրների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը` ներառյալ համաշխարհային և հայաստանյան բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման արդի մոտեցումներն ու միջոցները, բնապահպանական կայուն կառավարման գործիքները, Հայաստանի մասնակցությունը միջազգային բնապահպանական կոնվենցիաների և դրանց շրջանակներում ստանձնած պարտավորությունները,  բնապահպանության կապը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ, բնապահպանության կարևորությունը ազգային անվտանգության և կայուն զարգացման տեսանկյունից։

Դասընթացի ընթացքում քննարկվել են Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին ու հնարավորություններին, պատասխանատու սպառմանը, բնապահպանական կառավարմանը, կայուն գյուղատնտեսությանը, կայուն քաղաքներին վերաբերող թեմաներ:

Դասընթացի սկզբում և ավարտին անցկացվել է թեստ` դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով։ Նախնական և ավարտական թեստերի արդյունքներն էականորեն տարբերվում էին: Ավարտական թեստի արդյունքը բավական գոհացուցիչ էր, ինչը նշանակում է, որ դասընթացը ծառայել է իր նպատակին:

Երկօրյա վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան նաև գնահատելու վերապատրաստման ծրագիրը, ներկայացնելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

Դասընթացի մասնակիցները մեծ գոհունակություն հայտնեցին ծրագրի իրականացման համար և առաջարկեցին բնապահպանական թեմաներով վերապատրաստման ծրագրերում ընդգրկել բնակչության ավելի լայն շերտերի:

 

Նորություններ