Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստման դասընթաց ՀՀ Գեղարքունիքի մարզում

2022 թվականի նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզում անցկացվել է 6 ակադեմիական ժամ տևողությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ֆինանսավորմամբ կազմակերպվող «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթացը։ Այն կազմակերպվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ և նախատեսված էր մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով, գյուղատնտեսության և բնապահպանության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև մարզի համայնքային ծառայողների համար: 

Դասընթացի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կլիմայի փոփոխությանը, կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին (գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, զբոսաշրջություն), կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը վերաբերող հարցեր:

Վերապատրաստման մոդուլների հիմքում «Կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորում համայնքային մակարդակում» և «Տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրման վերաբերյալ» մեթոդական ուղեցույցներն են:

Դասընթացները վարել են ոլորտի լավագույն մասնագետներ, նշված ուղեցույցների հեղինակներ, Ակադեմիայի դասախոսներ Գևորգ Պետրոսյանը, Վահագն Պետրոսյանը և Ժիրայր Ղազարյանը:

Գևորգ Պետրոսյանը «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահն է, ունի ծրագրերի կառավարման, դասընթացների վարման, փորձագիտական աշխատանքի, մոնիտորինգային ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացման երկարամյա փորձ, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների տարբեր ուղղությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, վերլուծական կարողություններ:

Ակադեմիայի դասախոս Վահագն Պետրոսյանը տեղական ինքնակառավարման հարցերով անկախ իրավական փորձագետ է: Տեղական ինքնակառավարման բնագավառում փորձագիտական և խորհրդատվական գործունեություն է իրականացնում ԵԽ, ԵՄ, ԳՄՀԸ տարբեր ծրագրերի, ինչպես նաև «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում: ՄԱԶԾ-ի շրջանակում մշակված` համայնքների հարմարվողականության և պլանավորման մեթոդական  ուղեցույցի հեղինակն է: Եվրոպայի խորհրդի Մոլդովայի գրասենյակի տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման հարցերով միջազգային փորձագետն է:

Ժիրայր Ղազարյանը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով: Համահեղինակ է Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում» ծրագրի շրջանակներում մշակված համայնքային տարեկան աշխատանքային պլանների (ՏԱՊ) կազմման էլեկտրոնային գործիքի և գործիքով աշխատելու ուղեցույցի։ «Հարմարվողականության ազգային ծրագիր (ՀԱԾ)՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մշակված Տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրման մեթոդական ուղեցույցի հեղինակն է։             

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով դասընթացի սկզբում և ավարտին անցկացվել է թեստ` դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով։

Վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատելու վերապատրաստման ծրագիրը, ներկայացնելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Ավարտին մասնակիցներին հավաստագրեր են հանձնվել:

Առաջիկա շաբաթվա ընթացքում նշված թեմայով հերթական դասընթացները կանցկացվեն Տավուշի և Կոտայքի մարզերում:

 

 

 

Նորություններ

ՀՀ ՊԿԱ «Քաղաքագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը 2-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունում…