Հունիսի 15-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներն ու աշխատողները մասնակցեցին մի ինքնատիպ միջոցառման, որի նախաձեռնողը Ակադեմիայի «Հանրային կառավարում» կրթական ծրագրի հեռակա 1-ին կուրսի մագիստրանտ Սոնա Գրիգորյանն էր: Ռ. Եզեգելյանի անվան լսարանում տեղի ունեցած համերգ-բանախոսության ընթացքում ուսանողուհին ներկայացրեց պատմական Հայաստանի երկու հնագույն տարածաշրջանների՝ Համշենի և Վան-Վասպուրականի համառոտ պատմությունը, մշակույթը, բարքերը, կենցաղը, տարազը, հավատալիքները, ավանդույթները: Պատմական ակնարկին զուգահեռ ներկաներն այդ ամենը տեսնելու հնարավորություն ունեցան լուսանկարների միջոցով: Լուսանկարներում հայոց հնամենի պատմության վավերագրերն էին՝ եկեղեցի ու ամրոց, կամուրջ ու լեռնաշղթա, սեպագիր արձանագրություններ ու որմնանկարներ…
Միջոցառումն ավելի գրավիչ դարձավ «Նուբար» հայ ավանդական երգի-պարի անսամբլի շնորհիվ, որի կատարմամբ հնչեցին Համշենի և Վասպուրականի՝ մոռացումից փրկված երգեր:
«Այս միջոցառումից արդեն իսկ երևում է կառավարչի ջիղը»,- ասաց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին տպավորիչ և ճանաչողական միջոցառման համար: