ՀՀ պետական կառավարման ակադեմիայում նոյեմբերի 10-ից մեկնարկել է առկա և առցանց աշնանային դպրոցը` «Առաջնորդում (Leadership). հանրային քաղաքականության ապագայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Աշնանային դպրոցի առաջին բանախոսը ՀՀ ՊԿԱ պրոֆեսոր Մարիամ Մարգարյանն էր: Մասնակիցներին ողջունելուց և նման նախաձեռնության անհրաժեշտությունը ներկայացնելուց հետո տիկին Մարգարյանը աշնանային դպրոցի մեկնարկն սկսեց «Հանրային քաղաքականության ուսումնասիրության և զարգացման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ: Նա խոսեց պետության կայացման գործում առաջնորդի դերի և առաջնորդին բնորոշ հատկանիշների մասին: Դասախոսությունից հետո մասնակիցները բանախոսին ուղղեցին իրենց հուզող հարցերը, արտահայտեցին իրենց տեսակետները: Մ. Մարգարյանը մասնակիցներին դասընթացի համար անհրաժեշտ գրականություն տրամադրեց:
Հանդիպման ավարտին կազմակերպիչները` Ակադեմիայի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և ընդգծեցին դասախոսություններին մասնակցելու կարևորությունը: