Թվային կառավարման ոլորտում ակնկալվում են հստակ գործողություններ

Սեպտեմբերի 8-ը «Թվային կառավարում և փոխակերպում» խորագրով ազգային վերապատրաստման եռօրյա դասընթացի վերջին օրն էր։ Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (UN–APCICT/ESCAP) ջանքերով։

Վերջին օրվա երեք նիստերը նվիրված էին սոցիալական մեդիային առնչվող հարցերի քննարկմանը։ Ներկայացվեցին սոցիալական մեդիայի տարբեր տեսակներ, քննարկվեցին սոցիալական ցանցերի և հասարակության փոխհարաբերությունները, ինչպես նաև հանրային տարածք ստեղծելու գործում սոցիալական ցանցերի ներուժն ու սպառնալիքները։ Ներկայացվեց կառավարության կողմից սոցիալական ցանցերի օգտագործման լավագույն փորձը, քննարկվեցին խնդրո առարկայի վերաբերյալ քաղաքականության մշակման ուղեցույցները։

Եզրափակիչ նիստում ներկաները քննարկեցին թվային կառավարման ոլորտում հնարավոր մարտահրավերներին համարժեք արձագանքելու տարբերակներ և ձևակերպեցին կառավարություններին ուղղված առաջարկություններ՝ ակնկալելով հստակ գործողություններ այդ կարևոր ոլորտի վերաբերյալ։

Ազգային վերապատրաստման դասընթացի մասնակից քաղաքացիական ծառայողներին դասընթացի ավարտին տրվեցին հավաստագրեր։

Leave a Reply