Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Տնտեսական հեղափոխությունը չի կարող հաջողել առանց «կանաչ հեղափոխության»

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից իրականացվող «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը վերապատրաստումներ է նախատեսում քաղաքացիական և համայնքային ծառայողների համար:

Մայիսի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ծրագրի շրջանակում մեկնարկած երկօրյա դասընթացի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների վերապատրաստումն է բնապահպանական ոլորտում: Դասընթացի մասնակիցները Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն են: Մինչ բուն դասընթացի սկսելը նրանց ողջունեցին Ծրագրի իրականացման համար պատասխանատու կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինն ասաց, որ ուրախ է այս ծրագրի շրջանակում համատեղ գործունեության համար, և նշեց, որ նոր սերնդի բնապահպանական դաստիարակությունը կարևորագույն խնդիր է:

«Բնական պաշարների խելամիտ օգտագործման թեման բնավ վերացական չէ,- ասաց նա:-Երևանը կենդանի օրգանիզմ է, և ձեր ձեռքում է այն խնդրի լուծումը, թե ինչպես կառավարել այդ պաշարները: Իհարկե, դա միայն Երևանի խնդիրը չէ: Բնական պաշարների արդյունավետ օգտագործման, կանաչ տնտեսության խնդիրը Հայաստանի նպատակներից է: Այսպիսի երկրի համար տնտեսական հեղափոխությունը չի կարող հաջողել առանց «կանաչ հեղափոխության»: Խնդիրը միայն բնության պահպանությունը չէ, այլև զարգացումը: Սա երկրի զարգացման մոդել է»:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի համոզմամբ, ցանկացած բնապահպանական ծրագիր ուղղված է մարդուն: Եվ քանի որ քննարկվող խնդիրները համակարգային բնույթ են կրում, մոտեցումն էլ այդ խնդիրներին, նրա կարծիքով, համակարգային պետք է լինի: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ այս դասընթացն ունկնդիրներին կզինի համակարգային գիտելիքներով:

Ծրագիրը լուրջ ու կարևոր համարեց Երևանի քաղաքապետարանի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա կարևորեց Ծրագրում բարձրորակ մասնագետների առկայությունը: Նշեց, որ թեև այս երկու օրվա դասընթացը բավարար չի լինի բոլոր խնդիրների պատասխանները գտնելու համար, սակայն սա կլինի այն ազդակը, որը մասնակիցներին կմղի այս ոլորտում շարունակ նոր գիտելիքներ ձեռք բերելու. «Կարևորը ինքներս մեզ համար պարզելն է, թե ինչ քաղաք ենք ցանկանում ունենալ, ապա՝ դրան համապատասխան ծրագրի մշակումը»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը վստահ է, որ բնապահպանական խնդիրները հնարավոր է լուծել համայնքային ծառայողների միջոցով: Նրանց, ովքեր Ծրագրի շրջանակում գիտելիքներ են ձեռք բերելու, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանը առաջին ծիծեռնակներ համարեց: Նաև հիշեցրեց, որ գիտենալը դեռ կարողանալ չէ, այնպես որ Ծրագրի մասնակիցները ստացած գիտելիքները դեռ պետք է կարողանան կիրառել:

Բնապահպանական կրթության ու դաստիարակության խնդիրներին անդրադարձավ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:  Նա տեղեկացրեց, որ ԿԳ նախարարությունը շատ կարևորում է բնապահպանական կրթության ներառումը կրթական ծրագրերում, ինչպես նաև նշեց, որ այդ ամենը կարող է արդյունք չունենալ, եթե ավագ սերունդն ինքը չունենա այդ ոլորտին առնչվող հիմնարար գիտելիքներ և չառաջնորդվի դրանցով: Պատահել է, որ շատ լավ ծրագրեր անարդյունավետ են եղել, քանի որ համապատասխան պաշտոնյաները անհրաժեշտ գիտելիքներ չեն ունեցել:

Դասընթացի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Վստահեցնելով, որ այս ծրագիրը հաջողված է լինելու, ՀՀ ՊԿԱ ռեկտորը նշեց, որ մենք միջազգային ծրագրի, գերատեսչությունների և բուհերի միջև այնպիսի համագործակցության ականատեսն ենք լինում, որը հետագայում կարող է համագործակցության մշակույթ զարգացնելու օրինակ ծառայել:

Ծրագրի բոլոր մասնակիցների կողմից կատարված ծավալուն աշխատանքը շեշտելով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը տեղեկացրեց, որ Ծրագրի շրջանակում մշակված 11 մոդուլները հիմնականում ուղղված են բնապահպանական գիտելիքների բարձրացմանը: Իսկ նպատակը հանրության հնարավորինս լայն շերտերի կարողությունների զարգացումն է:

Այնուհետև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար բնապահպանական դասընթացը մեկնարկեց «Գլոբալ բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով: Օրվա ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին ու հնարավորություններին, պատասխանատու սպառմանը, բնապահպանական կառավարմանը վերաբերող թեմաներ:

Դասընթացի երկրորդ օրը դասընթացավարները կանդրադառնան կայուն քաղաքներին, էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգետիկային, շրջանաձև տնտեսությանը: Ավարտին մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:

 

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման թեստավորման արդյունքները…..