Նոյեմբերի 20-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI “Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in Order to Improve Educational Yield, Sustainability and Internationalization”) ծրագրի ղեկավար խմբի տարեկան հանդիպումը` հիբրիդային ձևաչափով:
Ծրագրի ղեկավար խմբի նիստին մասնակցում էին SMARTI ծրագրի ղեկավար Գերարդ Քալլենը (Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան), նույն համալսարանի լեզուների կենտրոնի համակարգող Կատյա Ուլմանը, ՀՀ ՊԿԱ վարչական կազմի, ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներ: Նրանք խոսեցին ծրագրի` իրենց աշխատանքի վրա ունեցած ազդեցության մասին:
Իսկ նոյեմբերի 21-ին Ակադեմիայում տեղի ունեցավ «Անգլերենը` որպես դասավանդման միջոց» կենտրոնի բացումը: Էրազմուս+ SMARTI ծրագրի ֆինանսական աջակցությամբ կահավորված կենտրոնն այսուհետ կծառայի Ակադեմիայում անգլերենի դասավանդմանը: Հեռահար նպատակը «Հանրային կառավարում» կրթական ծրագրի անգլերեն դասավանդումն է, ինչը կնպաստի հաստատության միջազգայնացմանը, ուսանողների և դասախոսների շարժունությանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ակադեմիայի աշխատակիցներն ու մագիստրանտները:
Ներկաներին նորաբաց կենտրոնի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը: Այնուհետև ծրագրի ղեկավար Գերարդ Քալլենը ողջունեց ներկաներին` ընդգծելով ծրագրի կարևորությունը, սպասվող ազդեցությունը կոնսորցիումի անդամ բուհերի աշխատանքների կազմակերպման վրա, իսկ ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը, որպես Հայաստանում SMARTI ծրագրի աշխատանքների համակարգող, խոսեց ծրագրի բովանդակության, մինչ օրս կատարված աշխատանքի և ակնկալվող վերջնարդյունքների մասին: