2023 թ. հոկտեմբերի 24-26-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թ. Խեչոյանը մասնակցեց Հարավային Կորեայում՝ Ինչոնում, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (UN–APCICT/ESCAP) Digital Leaders Programme-ի շրջանակներում կազմակերպված Women ICT Frontier Initiative (WIFI) ծրագրի հետագա զարգացման, ստեղծված հարթակի միջոցով կանանց ձեռներեցության լավագույն փորձի ներկայացման և փոխանակման, նրանց կարողությունների զարգացման և նոր WIFI ուսումնական մոդուլների քննարկման և ներդրման աշխատանքներին` «Թվային փոխակերպման միջոցով կին ձեռներեցների հզորացում (Empowering Women Entrepreneurs through Digital Transformation)» խորագրի ներքո:
Մասնակիցներն ըստ երկրների գործողությունների պլանի նախագծեր պատրաստեցին և ներկայացրին՝ իրենց երկրներում ծրագիրը ներդնելու համար: Թ. Խեչոյանը ներկայացրեց WIFI ծրագրի ուսումնական մոդուլների ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները Հայաստանում:
WIFI ծրագիրն ընդգրկում է Հայաստանը, Ֆիլիպինները, Թաիլանդը, Շրի Լանկան, Ֆիջի կղզիները, Բանգլադեշը, Կամբոջան, Վիետնամը, Հնդկաստանը, Նեպալը, Ղրղզստանը, Սամոան և Պապուա Նոր Գվինեան:
2022 թ. մարտին ՀՀ պետական կառավարման ակադեմիան և UN–APCICT/ESCAP-ը WIFI ծրագրով վիրտուալ վերապատրաստման դասընթացներ կազմակերպեցին ՀՀ ՊԿԱ դասախոսական և վարչական անձնակազմի, կանանց ձեռներեցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Վրաստանից, Լատվիայից և Ղազախստանից հրավիրված մասնագետների համար:
Նոր ուսումնական մոդուլների ներդրումը տարածաշրջանի երկրներում (ներառյալ Հայաստանում) կմեկնարկի 2024 թվականին: