Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը 2023 թվականի մայիսի 9-ից մինչև 2024 թվականի մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածը հայտարարել են «Հմտությունների եվրոպական տարի»:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թ. Խեչոյանը Skillman.EU կազմակերպության անդամ է և Լատվիայում (Ռիգա) 2023 թ. սեպտեմբերի 26-27-ին կայացած «Հմտությունների մոլորակ. ցանցային ներուժի նորացված հեռանկար» խորագրով Skillman միջազգային ֆորումին (Skillman International Forum-SIF 2023) մասնակցության հրավեր էր ստացել Լատվիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարարից և Skillman.EU կազմակերպության (Իտալիա) նախագահից՝ որպես խոսնակ հանդես գալու ֆորումում, որին մասնակցում էին կրթության ոլորտի ավելի քան 300 ներկայացուցիչներ: Ֆորումը կարևոր հարթակ էր գիտելիքների և փորձի փոխանակման, հմտությունների զարգացման վերջին միտումներին և փորձին տեղեկանալու համար:
Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Լատվիայի հեղինակավոր կրթական ինստիտուտներ: Այցերը հնարավորություն ընձեռեցին պատկերացում կազմելու ինստիտուտների նորարարական մոտեցումների, հարմարությունների և վերապատրաստման նորագույն մեթոդների վերաբերյալ:
Թ. Խեչոյանը զեկույցներով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում կանանց ձեռներեցության խթանման և զարգացման հիմնահարցերի շուրջ ինչպես պանելային քննարկմանը, այնպես էլ առանձին խմբային աշխատանքներում:
Միջոցառմանը մասնակցությունը նպաստեց նոր կապերի ստեղծմանը և հին կապերի խորացմանը, ինչպես նաև նորարարական գաղափարների և ծրագրերի ուրվագծմանը: