Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Տեառնընդառաջ. և մեր մեջ կիշխի սիրո ոգին…

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը, չխախտելով արդեն իսկ ձևավորված ավանդույթը, փետրվարի 14-ին նշեց Տեառնընդառաջը՝ քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը:

Տոնական սեղանի շուրջ հավաքված ակադեմիականներին նախ ողջունեց Ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը: Այնուհետև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը խոսեց եկեղեցի-հասարակություն կապի պահպանման մասին, ինչի արդյունքում եկեղեցական տարբեր տոների կապակցությամբ Ակադեմիայում հաճախ են հոգևորականներ հյուրընկալվում: Նրա խոսքով՝ հավատը, հոգևոր ծեսերը մեր ազգի ինքնության պահպանման, գոյատևման ու մաքառման գրավականներից են:

Տոնի խորհուրդը մեկնաբանելու առաքելությունը հոգևորականինն էր: Ակադեմիայի հյուրը Գեղամ Տեր սարկավագ Ավետիսյանն էր:

«Հավատքը մեր արյան կանչն է,- դիմելով ներկաներին՝ ասաց նա:- Մեր ազգային ծեսը նշելով՝ մենք մեր հավատքն ենք նորոգում: Իսկ որքան հավատքը մեր մեջ զորավոր լինի, որքան քրիստոնեական ոգին մեր մեջ կենդանի լինի, այնքան մենք ավելի միասնական կդառնանք, և մեր մեջ կիշխի սիրո ոգին: Վստահ եմ, որ այդ քրիստոնեական ոգով դուք՝ մեր երկրի պետական համակարգի ապագա կառավարիչներդ, ավելի կզորացնեք այն և նորանոր հորիզոններ կբացեք մեր երկրի համար»:

Այդ նորոգված հավատքով Կառավարման ակադեմիայի ուսանողներն ու աշխատակիցները ազգային մեղեդիների ներքո դուրս եկան բակ, որտեղ նրանց էր սպասում Տեառնընդառաջի կրակը:

Նորություններ

2018-2019 ուս. տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ: