Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայում ավարտվեց «Տարածաշրջանային ինտեգրման և զարգացման հիմնահարցերը Հարավային Կովկասում» թեմայով սեմինարը

 

   

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց «Տարածաշրջանային ինտեգրման և զարգացման հիմնահարցերը Հարավային Կովկասում» թեմայով երկշաբաթյա սեմինարը, որը կազմակերպվել էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի համագործակցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ: Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի կողմից Ակադեմիայում կազմակերպված հինգերորդ սեմինարն առանձնանում էր նրանով, որ այն տարածաշրջանային էր. մասնակիցները Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ էին:

  Սեմինարի ավարտին մասնակիցներին ակտիվ մասնակցության համար շնորհակալություն հայտնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: «Տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունը մենք համարում ենք հետագա առաջընթացի կարևորագույն բաղադրիչ, – ասաց նա: – Վստահ եմ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները կարևոր դեր կխաղան ձեր հետագա մասնագիտական գործունեության ընթացքում»:

   Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, շնորհավորելով մասնակիցներին սեմինարի ավարտի կապակցությամբ, ասաց, որ այս ծրագիրն առանցքային տեղ է զբաղեցնում «Միջազգային կապերի կարողությունների հզորացում» (CABIR) ծրագրի շրջանակներում: Իրենց նպատակը ծրագրի մասնակից երկրներին օգնելն է` Հարավային Կովկասում արդյունավետ կառավարում իրականացնելու գործում: Սա նաև ամենաերկարատև ծրագիրն է, և նրա մասնակիցները համալրելու են CABIR-ի շրջանավարտների միության շարքերը:

  Իր ելույթում Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Սոֆի Հյուբեր Կոդբայը սեմինարի մասնակիցների և կազմակերպիչների անունից խորին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Միաժամանակ նշեց, որ ծրագիրն անհնար կլիներ իրականացնել առանց Շվեյցարիայի մշտական աջակցության: Աջակցություն, որի նպատակը մարդկային կապիտալի` երկրի ամենամեծ հարստության զարգացումն է:

  Վերջում սեմինարի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Նորություններ

Տեղեկացնում ենք, որ մարտի 23-ից առցանց՝ հեռավար եղանակով կուսուցանվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բոլոր կրթական ծրագրերը…