Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Սոցիալական ձեռնարկատիրություն. կայուն օգնություն պետությանը

«Ուսուցում ուսուցանողների համար» ծրագրի շրջանակում ապրիլի 2-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց դասընթաց՝ «Սոցիալական ձեռնարկատիրություն բիզնես իմաստով» խորագրով: Դասընթացավարը «Երիտասարդությունը ուժ է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Թեքնեջյանն էր, մասնակիցները՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք հետաքրքրված են սոցիալական ձեռնարկատիրությամբ:

Նարինե Թեքնեջյանը նախապես նշեց, որ դասընթացի նպատակը երիտասարդությանը սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգին ծանոթացնելն է, ինչպես նաև երիտասարդության շրջանում այն տարածելը:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում սոցիալական խնդիրների լուծումն է և սոցիալական արժեքների ստեղծումը,- ասաց նա:- Սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումներ իրականացնելուն, սոցիալական խնդիրներ լուծելուն»:

Առաջնային խնդիրը, որ իր առջև դնում է սոցիալական ձեռնարկատերը, համայնքի համար որևէ խնդիր լուծելն է: Դա նա անում է որևէ ծառայություն մատուցելու կամ արտադրանք վաճառելու միջոցով:

Այսօր մեր հանրապետությունում 30-ից ավելի սոցիալական ձեռնարկություններ կայուն գործունեություն են ծավալում: Դասընթացի ընթացքում խոսվեց նրանցից երկուսի մասին, որոնք ոչ միայն կարևոր սոցիալական խնդիր են լուծում, այլև աչքի են ընկնում ստեղծարար բնույթով:

Դասընթացավարը լսարանին ծանոթացրեց այն կարևոր քայլերին, որոնք պետք է նախորդեն սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու նախաձեռնությանը: Այնուհետև ներկայացրեց ՀՀ-ում տվյալ ոլորտի զարգացման առաջնայնությունները: Նշեց, որ սոցիալական ձեռնարկությունները համայնքային խնդիրների լուծման հարցում ոչ թե մեկանգամյա, այլ կայուն օգնություն պետք է լինեն պետության համար:

Ստացած գիտելիքների հիման վրա դասընթացի մասնակիցները փորձեցին սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրականացվելիք գաղափարներ առաջադրել: Չի բացառվում, որ մոտ ապագայում դրանք կյանքի կոչվեն և ուսումնական վարժանքից վերածվեն իսկական բիզնես ծրագրերի:

 

 

Նորություններ

«Էրասմուս +»-ի՝ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում……