Հետխորհրդային տարիներին, երբ նոր կառուցվող Հայաստանի Հանրապետությանը նոր մտածելակերպ ունեցող կառավարիչներ էին անհրաժեշտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիան (այն ժամանակ՝ Կառավարման դպրոց) դարձավ նման մասնագետներ պատրաստող առաջին և միակ հաստատությունը: Իր գոյության 22 տարիների ընթացքում բազմաթիվ շրջանավարտներ է ունեցել Ակադեմիան, որոնք այսօր զանազան պաշտոններ են զբաղեցնում և էական դերակատարություն ունեն ինչպես ՀՀ պետական կառավարման համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում: Նրանցից շատերն այսօր էլ սերտորեն համագործակցում են Ակադեմիայի հետ:
Սակայն այդ համագործակցությունը համակարգելու, ավելի ռեալ դարձնելու, շրջանավարտների ներուժը ի շահ Ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերի իրականացման օգտագործելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել էր: Եվ ահա մարտի 12-ին ամիսներ շարունակ մտորումների ու ցանկությունների տեսքով արտահայտված գաղափարը իրականություն դարձավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիայի ծնունդով:
Ակադեմիան հրավիրել էր իր նախորդ տարիների շրջանավարտներին՝ համատեղ քննարկելու և որոշելու նրանցից յուրաքանչյուրի դերը հաստատության գործունեության զարգացման գործում և սահմանելու նորաստեղծ ասոցիացիայի նպատակներն ու խնդիրները:
Շրջանավարտներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
«Պետական կառավարման ակադեմիա են ընդունվում այն քաղաքացիները, որոնք իրենց հետագա գործունեությունը, իրենց կյանքը կապում են Հայաստանի Հանրապետության հետ,- ասաց նա:- Նրանք գիտեն, որ ավարտելուց հետո աշխատանքի են անցնելու պետական կառավարման համակարգում՝ մասնակցելով պետականաշինության գործին: Համոզված եմ, որ ոչ մի այլ բուհում շրջանավարտների հոգում այնպես չի ներարկվում պետականաշինության գաղափարը, ինչպես Կառավարման ակադեմիայում»:
ՀՀ ՊԿԱ ռեկտորը նշեց, որ Ակադեմիան շատ է կարևորում շրջանավարտների դերը ոչ միայն պետականաշինության, այլև Ակադեմիայի կրթական ծրագրերի և նպատակների իրականացման գործում.
«Նոր կրթական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում բուհերի և գործատուների համագործակցությանը: Իսկ մեր ուսանողներն արդեն գործատուներ են: Համոզված եմ, որ Կառավարման ակադեմիայի շրջանավարտ-գործատուն միանգամայն այլ կերպ է վերաբերվում Ակադեմիան նոր ավարտած շրջանավարտներին: Այսօր մենք ձեր օժանդակության կարիքն ունենք: Ձեր հզոր ներուժը կարելի է օգտագործել՝ ի շահ Ակադեմիայի կրթական ծրագրերի իրականացման: Ակադեմիայի և նրա շրջանավարտների համագործակցությունը ոչ միայն պատիվ է բերելու մեզ, այլև նպաստելու է մեր երկրի զարգացմանը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր շրջանավարտ երջանիկ է պետության կայացման գործի մասնակիցը լինելու հնարավորության համար, երջանիկ է՝ լինելու այն փոքրիկ պտուտակը, որի օգնությամբ Ակադեմիան իրականացնելու է իր առաքելությունը»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը, որը Կառավարման դպրոցի առաջին տարիների շրջանավարտներից է: Նա խոսեց այն հիմնական սկզբունքային գործոնների մասին, որոնք հիմք են հանդիսացել Շրջանավարտների ասոցիացիա ստեղծելու գաղափարի և այդ ուղղությամբ ռեալ քայլեր իրականացնելու համար:
«Նախ՝ Ակադեմիան գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրա շրջանավարտները այն պահում են իրենց հիշողության մեջ և փոխադարձ գործընկերային հարաբերություններ ունեն միմյանց հետ: Երկրորդ՝ գնալով փոքրացող աշխարհում անհատի դերակատարումը զգալի չափով սկսում է ազդել բոլորի վրա: Հետևաբար մեր իրականության մեջ առկա բարոյահոգեբանական իրավիճակը պայմանավորված է մեր բոլորի վարքագծով. կառավարման առանցքը ոչ թե լավ մշակված հայեցակարգերն ու ռազմավարություններն են, այլ սեփական օրինակը: Եթե մենք մեր սեփական օրինակով չենք մատուցում այն բարեվարքությունը, որն ակնկալում է ժողովուրդը, ուրեմն այն բոլոր զոհաբերությունները, որ կատարվել են հանուն ազգային պետություն ու ազգային բանակ ունենալու, վաղ թե ուշ կարող են անիմաստ թվալ: Իմ խորին համոզմամբ, Կառավարման ակադեմիայի շրջանավարտները, լինելով որոշակի բարոյական արժեքների կրող, կարևոր դեր պետք է ունենան երկրում հասարակական մթնոլորտը առողջացնելու առումով:
Ի վերջո, Շրջանավարտների ասոցիացիա ստեղծելու սկզբունքային գործոն է մեր երկրում ընթացող վարչական բարեփոխումները: Կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիան, իր կազմում ունենալով թե՛ քաղաքական պաշտոնյաներ, թե՛ հանրային ծառայողներ, կարող է ուրույն հարթակ դառնալ նրանց երկխոսության համար: Եթե քաղաքական պաշտոնյաները պատասխանատու են երկրում կայացվող որոշումների համար, ապա հանրային ծառայողները՝ այդ որոշումների իրականացման համար: Այդ երկու ինստիտուտների երկխոսության պարագայում հանրային ծառայողները որոշ առումով ընդգրկված կլինեն նաև որոշումների նախագծման գործում»,- ասաց Վ. Քալաշյանը:
Պետական կառավարման ակադեմիայի նախորդ տարիների շրջանավարտներին կրկին հաստատության հարկի տակ տեսնելու առթիվ իր ուրախությունը հայտնեց ՀՀ ՊԿԱ ուսումնական գծով պրոռեկտոր, Կառավարման դպրոցի առաջին տնօրեն Խաչատոր Բեզիրջյանը: Նա բոլոր ներկա գտնվողներին դիմեց որպես տանտերերի: Նաև նկատեց, որ նախկին պատանիներն այսօր արդեն զանազան կարևոր պաշտոններ են զբաղեցնում հանրային ոլորտում, պետական կառավարման համակարգում, ինչը ոչ միայն Կառավարման ակադեմիայում ստացած գիտելիքներով է պայմանավորված:
«Մենք ձեզ տվել ենք ինքնուրույն զարգանալու հնարավորություն, ինչը շատ կարևոր է պետական ծառայողի համար»,- ասաց Խ. Բեզիրջյանը՝ վստահություն հայտնելով, որ Ակադեմիայի շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում են ոչ թե հանուն անձնական, այլ պետության շահի:
Շրջանավարտների ասոցիացիայի ստեղծման գաղափարը սիրով էին ընդունել բոլորը, թեև նրանցից քչերը ամբիոնից արտահայտվելու և նորաստեղծ կառույցին աջակցելու պատրաստակամություն հայտնելու հնարավորություն ունեցան: Իսկ ելույթ ունեցողները՝ Կառավարման դպրոցի առաջին շրջանավարտներից Անահիտ Գալստյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կոնսաթոշակային ապահովության վարչության պետ), ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը և մյուսները նշեցին, որ Կառավարման ակադեմիայում իրենք ձեռք են բերել կառավարման մտածողություն, և Ակադեմիան իրենց այնպիսի թևեր է տվել, որոնք օգնել են ճախրելու հնարավորինս բարձր:
Ելույթներից հետո ներկաները քվեարկությամբ որոշեցին ստեղծել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիա:
Միջոցառման բոլոր նկարները կարող եք դիտել մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով՝ https://www.facebook.com/paara.am/photos