Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռայմոնդ Եզեգելյանի անվան կրթաթոշակ՝ Կառավարման ակադեմիայի ուսանողներին

 

 

Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցությունն սկսվել է հինգ տարի առաջ: Բարերարի նախաձեռնությամբ ամեն տարի միանվագ կրթաթոշակի են արժանանում Կառավարման ակադեմիայի շուրջ երկու տասնյակ ուսանողներ: Կրթաթոշակառուներին ընտրելիս հաշվի է առնվում մի քանի հանգամանք՝ առաջադիմությունը, սահմանամերձ բնակավայրերում ապրելը, զինված ուժերում ծառայությունը և այլն: Բարերարը սովորաբար անձամբ էր հանձնում կրթաթոշակը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով մագիստրանտներին:

Դեկտեմբերի 19-ին բարերարի ֆինանսական աջակցությամբ վերանորոգված և իր անունը կրող լսարանում տեղի ունեցավ 2019-2020 ուստարվա քսան անվանական կրթաթոշակառուներին կրթաթոշակները հանձնելու արարողությունը: Թեև այս անգամ պարոն Եզեգելյանն անձամբ ժամանելու հնարավորություն չէր ունեցել, սակայն նրա ներկայացուցիչը՝ Հայաստանում ֆրանկաֆոն փաստաբանների միության նախագահ Մարտուն Փանոսյանը, կրթաթոշակների հետ միասին Ակադեմիայի սովորողներին փոխանցեց ինչպես իր, այնպես էլ բարերարի բարեմաղթանքը: Նա իր ուրախությունը հայտնեց հերթական անգամ այս նախաձեռնության առիթով Պետական կառավարման ակադեմիայում գտնվելու համար, ապա արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ռեկտորին: Մարտուն Փանոսյանը նաև բարերարի անունից հաջողություններ մաղթեց ուսանողներին և հատուկ ընդգծեց, որ Ռայմոնդ Եզեգելյանը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները կրթության բնագավառում. չէ՞ որ այս երիտասարդները վաղը պետք է դառնան մեր երկրի շարժիչ ուժը և այսօր ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով ծառայեն պետության զարգացման ու առաջընթացի գործին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը մի քանի տարվա պատմություն ունեցող այս համագործակցությունը պարտավորեցնող համարեց:

«Շատ ուրախ ենք, որ պարոն Եզեգելյանի բարի կամքի շնորհիվ այս նախաձեռնությունը շարունակվում է,- ասաց նա:- Ուրախալի է նաև, որ սփյուռքի մեր հայրենակիցները շահագրգռված են հայրենիքում կրթության ոլորտի բարելավման հարցում և հնարավորինս աջակցում են այդ գործին»:

 

 

 

Նորություններ