Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Քարֆուր» ընկերությունը՝ Պետական կառավարման ակադեմիայի նոր գործընկեր

ՀՀ պետական կառավարման ակադեմիան շուտով նոր գործընկեր կունենա. փետրվարի 19-ին Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենը պայմանավորվեցին համագործակցության մասին:

Մինչ պայմանավորվածությունը պաշտոնական բնույթ կստանա, գլխավոր տնօրենը հյուրընկալվեց Պետական կառավարման ակադեմիայում, հանդիպեց «Գործարար վարչարարություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետ:

Հյուրին ներկայացրեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը՝ տեղեկացնելով, որ «Քարֆուր Արմենիայի» հետ Ակադեմիայի բազմակողմանի համագործակցությունը կներառի մի քանի ուղղություն՝ այդ ընկերությունում ուսանողների պրակտիկայի կազմակերպում, աջակցություն շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում և այլն:

Հանդիպման ընթացքում Վաչե Արսենը խոսեց ֆրանսիական «Քարֆուրի» ստեղծման և զարգացման պատմության, ընկերության որդեգրած արժեքների և Հայաստանում գործունեության ռազմավարության մասին:

Բացի ներկայացված տպավորիչ թվային տվյալներից, լսարանի համար չափազանց հետաքրքիր էին ընկերության  արժեքները՝ համարձակություն, խանդավառություն և միասնականություն, ինչպես նաև ռազմավարությունը՝ կարողանալ մտածել հաճախորդի փոխարեն, նվազեցնել բյուրոկրատիան, հաճախորդին մատակարարել միայն առողջ սնունդ և այլն:

Ինչ վերաբերում է «Քարֆուրի» հայաստանյան գործունեությանը, ապա նշվեց, որ ընկերությունը մեր երկրում է 2015 թվականից, առայժմ ունի երեք խանութ, սակայն ծրագրել են այս տարի ընդլայնել դրանց թիվը՝ նոր խանութներ բացել, ավելացնել ապրանքատեսականին՝ շեշտը դնելով առավել պահանջված ապրանքների վրա, ինչպես նաև դրանք հնարավորինս մատչելի դարձնել հաճախորդի համար:

«Հաճախորդը պետք է դրական հույզերով հեռանա մեր խանութից,- ասաց Վաչե Արսենը:- Դրա համար շատ կարևոր սկզբունքներ են՝ երբեք չխաբել հաճախորդին, բարեհամբույր վերաբերվել և ժպտալ»:

«Քարֆուրին» բնութագրող կարևոր սկզբունքներից է նաև բնության հանդեպ վերաբերմունքը: Ընկերության հայաստանյան ցանցի տնօրենը տեղեկացրեց, որ մտադիր են բացառել պլաստիկե տարաների գործածությունը՝ դրանք փոխարինելով վերամշակված թղթե տոպրակներով: Նախապես ծրագրել էին այդ միջոցառումը մեկնարկել նախորդ տարվա նոյեմբերից, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով հետաձգել են մինչև հունիս-հուլիս: Ի դեպ, խանութում գործում է նաև թափոնները զտելու համակարգ, իսկ ապրանքատեսականու մեջ գերակշռում են «էկո» կոչվող ապրանքները:

Զարմանալի չէր, որ Կառավարման ակադեմիայում ուսանող ապագա գործարարներին ու մարդկային ռեսուրսների կառավարման ապագա մասնագետներին չափազանց հետաքրքրեց ֆրանսիական ընկերության գործունեությունը, ինչի ապացույցը նրանց հնչեցրած բազմաթիվ հարցերն էին: Հարցերը և դրանց տրված պատասխանները վերաբերում էին Հայաստանում ազատ մրցակցության խնդիրներին, մարդկային կապիտալի հետ տարվող աշխատանքի հարցերին, Հայաստանում «Քարֆուրի» կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին: Վերջինի մասին ընկերությունում նախընտրում են շատ չխոսել, սակայն պետք է փաստել, որ այն «Քարֆուր Արմենիայի» գործունեության կարևոր մասն է կազմում՝ ծառատունկեր, սանիտարական աշխատանքներ, աջակցություն հատկապես ծերերի և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող հաստատություններին ու կազմակերպություններին և այլն:

 

Նորություններ

ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտը հերթական անգամ իր գործընկեր հաստատություններին …