Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Փորձագետի գնահատումը վերապատրաստման դասընթացներին

 

Սեպտեմբերի 17-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանն ընդունեց ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում իրականացվող «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» ծրագրի գնահատումն իրականացնող փորձագետ Էլինոր Բայրաքթարիին:

Հյուրը նախ հետաքրքրվեց Ծրագրի մասին տեսակետներով ու կարծիքներով՝ նշելով, որ առավել անկողմնակալ գնահատելու և վերլուծություններ կատարելու համար  ճիշտ կլինի ծանոթանալ գործընկերների գնահատականներին:

Ռեկտոր Արսեն Լոքյանն իր հերթին ողջունեց նման մոտեցումը՝ ներկայացնելով Ակադեմիայի ներկայացվածությունն ու ինտեգրումը վերոնշյալ ծրագրի իրականացման գործընթացում: Ծրագիրը բավական արդյունավետ է գնահատվել և՛ Ակադեմիայի դասախոսական կազմի, և՛ շահառուների, և՛ մասնակիցների կողմից: Ծրագրի հաջող իրականացումը պայմանավորված է նաև գործընկերների՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ֆինանսավորող), ՄԱԶԾ-ի (համաֆինանսավորող), Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Վերապատրաստման սույն դասընթացներն առայժմ անցկացվել են յոթ մարզում և շարունակական են լինելու: Մինչ օրս վերապատրաստվել են 506 համայնքային և քաղաքացիական ծառայողներ, համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ:

Ակադեմիայի կողմից Ծրագրի համակարգող Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց Ծրագրի իրականացման մանրամասները՝ մեկնարկից առայսօր՝ չմոռանալով հիշատակել նաև բարձր պատրաստվածություն ունեցող դասախոսներին: Դասընթացների ավարտից հետո մասնակիցների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ այսօրինակ վերապատրաստումների անհրաժեշտությունն իրոք զգացվում էր: Մասնակիցները շատ կարևոր են համարում դրանց շարունակական լինելը: Դասընթացների բոլոր մասնակիցներն ստանում են մասնակցության վկայականներ, համապատասխան տեղեկատվական նյութեր և սկավառակներ:

Ռեկտոր Արսեն Լոքյանը, անդրադառնալով դասընթացի մոդուլների արդիականությանը, նշեց, որ Ակադեմիան հետագայում էլ պատրաստակամ է մասնակցելու նաև այլ թեմաներով վերապատրաստման նախագծերի, որոնք կընդգրկեն շահառուների ավելի լայն շրջանակ:

Բայրաքթարին հանդիպեց նաև Ակադեմիայի՝ վերապատրաստման ծրագրով մոդուլներ դասավանդող դասախոսների հետ: Փորձագետի խնդրանքով դասախոսները ներկայացրին իրենց դասավանդած մոդուլները, ակնկալիքները դասընթացից, հետագա փոփոխությունների անհրաժեշտությունը, խնդիրների լուծման հնարավորությունները, անդրադարձան շտկումների կարևորությանը: ՀՀ ՊԿԱ հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը նշեց, որ «կարևոր է կերտել համապատասխան մտածողություն և վարքագիծ, այլ ոչ թե միայն տրամադրել ինֆորմացիա, որը կարող է կարճաժամկետ բնույթ կրել»:

Ներկաները շնորհակալություն հայտնեցին Ծրագրի կազմակերպիչներին, հովանավորներին, համակարգողներին և ներգրավված բոլոր կողմերին՝ հույս հայտնելով, որ նման ծրագրերը կլինեն շարունակական:

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…