Պիլոտային առաջին դասընթացը Ակադեմիայում` Էրազմուս + SMARTI ծրագրի շրջանակում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ Էրազմուս + SMARTI ծրագրի առաջին պիլոտային դասընթացը: Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքին ծանոթանալու և այն գնահատելու համար դիտորդական այցով Ակադեմիայում էր գտնվում SMARTI ծրագրի կոնսորցիումի անդամ, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ Էդուարդո Կարդոզոն:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանն անդրադարձավ ծրագրի կարևորությանը և Ակադեմիայի մասնակցությանը այդ ծրագրին, նշեց, որ ծրագրի շրջանակում գործընկեր բուհերի կողմից մշակվող տասը մոդուլներից երկուսի հեղինակները Ակադեմիայի դասախոսներ են:

Դասընթացի նպատակների և ակնկալվող վերջնարդյունքի մասին խոսում է հենց ծրագրի անվանումը` «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը` կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»: Հավելենք, որ ծրագրի նպատակներ են սահմանված նաև բոլոնյան չափորոշիչներին համապատասխան թափանցիկ ազգային և միջազգային կրթական չափանիշների, ուսումնառության համեմատելի գործիքների և ուսուցման չափանիշների մշակումը, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերի շարժունությունն ու փոխանակումը խթանելը և այլն:

SMARTI ծրագրի շրջանակում Ակադեմիան հանձնառել էր մշակել երկու` «Անգլերենով դասավանդման բանավոր հմտություններ. մաս 2 (ներառյալ քննադատական մտածողությունը խթանող իրավիճակային խնդիրներ)» և «Անգլերենը որպես դասավանդման միջոց անհատական ուսուցման աջակցում» մոդուլները: Հենց այդ թեմաներով անցկացվեց դասընթացի առաջին դասը:

Ակնկալիքների մասին խոսեցին նաև վերոնշյալ մոդուլների հեղինակները՝ ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար, անգլերենով դասավանդող դասախոս Թերեզա Խեչոյանը և անգլերենի դասախոս Լուսինե Գրիգորյանը: Վերջինս ներկայացրեց Ակադեմիայում մշակված մեթոդական մոդուլը` նշելով, որ Ակադեմիայում դասավանդվող կրթական ծրագրերից մեկը անգլերենով դասավանդելը ոչ միայն ուսանողների շահերից է բխում, այլև բուհի:

Պիլոտային դասընթացի առաջին դասը հնարավորինս ինտերակտիվ էր. բոլոր մասնակիցները, թիմերի բաժանված, ընդգրկվեցին իրավիճակային խնդրի լուծման գործում՝ անգլերենով ներկայացնելով իրենց առաջարկություններն ու լուծումները:

Դասընթացը բաղկացած է լինելու երեք դասից: Հաջորդ երկու դասերից հետո մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Leave a Reply