Համաձայն քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերապատրաստումների ժամանակացույցի՝ Պետական կառավարման ակադեմիայում իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների վերապատրաստումները:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ակադեմիայում մեկնարկեց մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների գործընթացը` ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողների 14 խմբի համար: Պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողները կվերապատրաստվեն «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթ», «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենսդրություն», «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն», «Համակարգչային գիտելիքներ» և «Համակարգչային ծրագիր վիճակագրական տվյալների մշակման համար՝ մայքրոսոֆթ էքսել ծրագիր» վերապատրաստման ծրագրերով:
Ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչությունը լրամշակել է նաև «Խնդրի լուծում», «Փաստաթղթերի նախապատրաստում» և «Հաշվետվությունների մշակում» հեռավար ուսուցման մոդուլները, որոնք, համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, նախատեսված են համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների համար: Սկսվել են նաև «Խնդրի լուծում», «Փաստաթղթերի նախապատրաստում» և «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիաներով հեռավար ուսուցման դասընթացները, որոնք անցկացվում են քաղաքացիական ծառայողների վերապատրաստման էլեկտրոնային դասընթացների MOODLE համակարգով: Լրամշակված հեռավար ուսուցման մոդուլները տեղադրվել են հարթակում:
Հեռավար ուսուցման դասընթացների մասնակից հանրային ծառայողները դասավանդողների հետ առցանց հանդիպում կունենան շաբաթական երկու ակադեմիական ժամ (80 րոպե)։ Նախատեսված է առցանց հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր դասընթացի 5-րդ և 10-րդ աշխատանքային օրերին։
Վերապատրաստման 10-րդ օրը առցանց հանդիպումից հետո կանցկացվի առցանց թեստավորում։
Հեռավար հարթակը կհարստացվի քաղաքացիական ծառայողների տարբեր կոմպետենցիաների վերաբերյալ թեմաներով, ինչը քաղաքացիական ծառայողներին հնարավորություն կընձեռի վերապատրաստումների ընթացքում ճիշտ կառավարել իրենց ժամանակը։
Շարունակվում է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը:
Նշենք, որ հանրային ծառայողների շարունակական վերապատրաստումը հանրային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետության կարևոր բաղադրիչներից է։ Այն նաև քաղաքացիական ծառայողների հետագա մասնագիտական աճի հզոր խթան է: