Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Այսօր ես դարձա 25 տարեկան

Ժամանակի մեջ 25 տարին աննշան մի ակնթարթ է, սակայն այդ «ակնթարթում» իմ անցած ճանապարհն այնքան հարուստ է ու հագեցած, որ անսահման է թվում: 
Իմ կենսագրությունն սկսվեց երկրի ու պետության համար դժվարին մի ժամանակաշրջանում, երբ պետական կառավարման համակարգը որոնումների մեջ էր. նախկին համակարգն արդեն ժամանակավրեպ էր, իսկ նորը ստեղծելու գործընթացը՝ չափազանց բարդ ու աշխատատար: Պետությունն իմ կարիքն ուներ, և ես «ծնվեցի»՝ նրա աջակիցը լինելու, նրա ճանապարհի ընկերը լինելու, նրա խնդիրների լուծմանը մասնակցելու համար:
Ես «ծնվեցի» ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց, «ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ կառավարությունում, գործադիր իշխանության հանրապետական ու տեղական մարմիններում աշխատելու համար բարձրագույն և միջին օղակի պետական ծառայողների պատրաստման և կատարելագործման նպատակով»: Իմ տեսակի եզակի հաստատություն էի և հպարտ էի դրանով:
Ընդամենը ութ տարի անց՝ 2002 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ ես նոր կարգավիճակ ստացա՝ վերակազմակերպվեցի և դարձա ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ պայմանավորված պետական կառավարման համակարգի համար կադրեր պատրաստելու, վերապատրաստելու, ուսուցման գործընթացները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: 
Ես հասունացա Կառավարման դպրոցից Ակադեմիա դառնալու ճանապարհին՝ հաղթահարելով նոր ու անկախ պետականության կառուցման հետ կապված բազում դժվարություններ: Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման ու զարգացման ակտիվ մասնակիցը եղա՝ փորձելով հնարավորինս աջակցել պետական կառավարման համակարգը բարձրորակ կադրերով համալրելու գործին: Այդ գործում իմ օգնականները հանրապետության լավագույն մասնագետներն են եղել, պետական համակարգի պաշտոնյաներ, որոնք տեսական գիտելիքների հետ մեկտեղ նաև իրենց հարուստ փորձն են փոխանցել սովորողներին:
Անցած 25 տարվա ընթացքում ես բազում բարեկամներ ձեռք բերեցի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ բարեկամության շնորհիվ մասնակցեցի բազմաթիվ համատեղ ծրագրերի, որոնք ոչ միայն հետաքրքիր փորձառություն էին ինձ համար, այլև նպաստեցին իմ հեղինակության բարձրացմանը: Եվ պատահական չէ, որ տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ են ցանկանում մագիստրոսական կրթություն ստանալ այստեղ. վստահ են, որ Ակադեմիայի շրջանավարտը իր արժանի տեղը կգտնի պետական կամ մասնավոր համակարգում:
Իսկապես, երկրի կառավարման համակարգի բոլոր մարմիններում կարող եք հանդիպել իմ՝ ինչպես կարճատև վերապատրաստման դասընթացների, այնպես էլ մագիստրատուրայի շրջանավարտներին: Վստահ եմ, որ Պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ լինելը նրանց համար հպարտություն է, իսկ իմ շրջանավարտների հաջողություններով հպարտանալու առիթ ես բազմիցս եմ ունենում:
Այսօր ես դարձա 25 տարեկան: Գիտեմ, որ շատերը կցանկանան շնորհավորել ինձ իմ անցած ճանապարհի համար, որը ժամանակի մեջ աննշան ակնթարթ է, սակայն այնքան հարուստ ու հագեցած, որ անսահման է թվում: Շատերը կցանկանան ջերմ խոսքեր ասել այդ կապակցությամբ: Ես նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր իմ դժվարին ու պատվաբեր ճանապարհի ընկերն են եղել, անհանգստացել են իմ խնդիրներով ու ձեռքբերումներով, ովքեր քննադատել են՝ մտահոգված իմ առաջընթացով, ովքեր պարզապես ապրել են Պետական կառավարման ակադեմիայի ճակատագրով:

 

 

Նորություններ

Էրազմուս+ ծրագրով կրկին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում էր Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանի …..