Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Խորհրդանիշներ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի 2012 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդանիշի, դրոշի, հուշամեդալի և կրծքանշանի օգտագործման կարգերը:

Խորհրդանիշի հայեցակարգի հիմքում ընկած է այն գաղափարը, որ կառավարման համակարգն աստիճանական անցում է կատարում ներքևից վերև` տեղական ինքնակառավարումից դեպի պետական կառավարում:

Խորհրդանիշն ունի գրքի տեսք, որը պատկերում է հայ ավանդական ձեռագիր մատյան` իր հոգևոր-մշակութային բացառիկ արժեքով:

Խորհրդանիշի ներսում «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցության սկզբնատառերն են` լուծված գլխատառերով, որոնք զուգահեռվում են հայկական լեռների գծապատկերին:

Աջ մասում հայ ճարտարապետության մեջ օգտագործվող` հելլենիստական մշակույթին բնորոշ հոնիական սյունն է, որը խորհրդանշում է պետականության գերակայությունը:

Ներքևի ձախ անկյունում Տիգրան Մեծի շրջանին բնորոշ ութաթև աստղն է, որը խորհրդանշում է կրթության լույսը` լուծված դարբնոցի քուրայի խորհրդապատկերով:

Ներքևի մասում հորիզոնական դիրքով գրված է «ՊԵՏԱԿԱՆ» բառը, իսկ հոնիական սյան ձախ մասում ուղղահայաց դիրքով` «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» բառերը:

Խորհրդանիշի գերիշխող գույնը հայկական ձեռագրային մշակույթում տարածված լաջվարդն է` երկնագույնը, որը խորհրդանշում է խաղաղ երկնքի ներքո հայ ժողովրդի ապրելու կամքը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդանիշի հեղինակը ճարտարապետ Միքայել Միսակյանն է:

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դրոշը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդանիշներից է: Դրոշը սպիտակ է, իր վրա կրում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդանիշը: Դրոշն ունի ժանեկաձև դեղին երիզներ: Սպիտակ գույնը խորհրդանշում է ուսանողական հանդարտությունը, երազանքները` համադրված երկնագույնին: Դրոշի լայնության և երկարության չափսերի հարաբերությունը` 1:2:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դրոշը բարձրացվում է Ակադեմիայի պաշտոնական արարողությունների` մարզական, ուսանողական խաղերի բացման և փակման, միջազգային և հանրապետական գիտաժողովների, ուսանողների տարեվերջյան հանդեսների, երդման արարողությունների, տոնական միջոցառումների և այլ հատուկ դեպքերի ժամանակ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դրոշը մշտապես տեղադրված է Ակադեմիայի սրահում և ռեկտորի աշխատասենյակում: Պաշտոնական արարողակարգերի ժամանակ Պետական կառավարման ակադեմիայի դրոշը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի հետ միասին դրվում է հյուրընկալվող երկրների դրոշների հետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը կատարվում է ըստ «Դրոշի մասին» ՀՀ օրենքի:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դրոշը դուրս բերելիս դուրս է բերվում նաև Հայաստանի Հանրապետության դրոշը:

Նորություններ

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ …..