Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և «Արփինետ» հեռահաղորդակցական ընկերության նախաձեռնությամբ հունիսի 13-ից հուլիսի 3-ն անցկացվեց «Թվային վստահություն և կիբեռանվտանգություն» խորագրով դասընթացը։
Դասընթացի նպատակը թվային լուծումների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելն էր և այնպիսի գիտելիքներ փոխանցելը, որոնք օգտակար կլինեն թվային տեխնոլոգիաների գիտակից օգտագործման և կիբեռհանցագործությունների դեմ ավելի արդյունավետ պայքարի հարցում։ Դասընթացի մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին հետևյալ թեմաները. «Թվային գրագիտության կարևորությունն արդի աշխարհում» (Քրիստինե Գյոնջյան՝ Հայաստանի օպերատորների միության տնօրեն), «Ժամանակակից տեխնոլոգիաների դերակատարությունը պատերազմական իրավիճակներում, Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առցանց հափշտակություններ, Մետավերս և բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործություններ» (Հայկ Մկրտչյան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների պայքարի վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ էլ պայքարի բաժնի պետ), «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում» (Գևորգ Հայրապետյան՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալութան պետ), «Անձնական տվյալների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համատեքստում» (Արտակ Ասատրյան՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս), «Կիբեռհիգիենա» (Կարեն Գասպարյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ)։
Դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով ավարտին մասնակիցներին առաջադրվեց թեստ։ Դասընթացի ավարտին 13 ունկնդիրներին տրվեցին վկայականներ։
«Թվային վստահություն և կիբեռանվտանգություն» խորագրով դասընթացը Ակադեմիային հնարավորություն տվեց ընդլայնելու գործընկերային կապերի շրջանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների հետ: Դասընթացի արդյունքներից է «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագիրը: Համագործակցությունը վերաբերում է ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացմանը, Ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, սեմինարների, խորհրդակցությունների համատեղ անցկացմանը, Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացումը և այլն: