Նպատակը իրավական պետություն ունենալն է

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի 1-ին և 2-րդ կուրսերի մագիստրանտները դեկտեմբերի 20-ին բացառիկ հնարավորություն ունեցան հյուրընկալվելու ՀՀ Սահմանադրական դատարանում: Նրանց ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ, ի.գ.թ. Արման Դիլանյանը: Ակադեմիականների համար խիստ հետաքրքիր էր Սահմանադրական դատարանի` սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մասնագիտացված մարմնի գործառույթների ու լիազորությունների վերաբերյալ ճանաչողական դասախոսությունը ունկնդրել կառույցի առաջին դեմքից:

Ողջունելով երիտասարդ հյուրերին` Ա. Դիլանյանն արտահայտեց բոլորի ցանկությունը` ունենալ խաղաղ և ուժեղ պետություն. իսկ ուժեղ պետության առաջին պայմանը իրավական լինելն է:

«Դա պարզապես խոսք չէ, այլ նպատակ, որին հասնելու համար ստիպված ենք ամեն օր կռիվ տալ, կարծրատիպեր կոտրել, օրենքներով ապրել` արդարություն հաստատելով բոլոր օղակներում»,-ասաց ՍԴ նախագահը` ներկայացնելով Սահմանադրական դատարանի առաքելությունը, գործունեությունը, փոխհարաբերությունները ՀՀ դատական իշխանության մյուս մարմինների հետ, կառույցին հղված դիմումների առանձնահատկությունները, 1999 թվականին ներդրված ինստիտուտի լիազորությունների` տասնամյակների ընթացքում ընդլայնված ծավալը: Եվ հիշեցրեց` Սահմանադրական դատարանը 4-րդ ատյանի դատարան չէ, ինչպես ոմանք են կարծում: Այն ոչ թե վեճեր է լուծում, այլ պարզում է օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը: Եվ նրա առաջնահերթ խնդիրը Սահմանադրության գերակայությունը սահմանադրական արդարադատության միջոցով երաշխավորելն է:

Ուսանողների` ՍԴ նախագահին ուղղված հարցերը վկայում էին նրանց մասնագիտական հետաքրքրության և բարձր իրազեկվածության մասին: Ակնհայտ էր, որ հանդիպումը երկուստեք շահեկան էր. ՍԴ նախագահը ծանոթացավ երիտասարդ սերնդի ներուժին, երիտասարդները հնարավորինս տեղեկացան սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի մասին:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ՍԴ նախագահին նվիրեց վերջին տարիներին Ակադեմիայի հրատարակած գրքերից. դրանք կհամալրեն Սահմանադրական դատարանի գրադարանը: Ա. Դիլանյանն էլ ուսանողներին առաջարկեց անհրաժեշտության դեպքում օգտվել ՍԴ հարուստ գրադարանից:

ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի վարիչ Թամարա Շաքարյանը հույս հայտնեց, որ նման հանդիպումները հաճախակի կլինեն. ակադեմիականներն ուրախ կլինեն նաև իրենց հարկի տակ հյուրընկալելու Սահմանադրական դատարանի դատավորներին` արդիական թեմաներով դասախոսություններ լսելու ակնկալիքով:

Leave a Reply