Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր հորիզոններ՝ հուշագրի ստորագրումից հետո

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիբանանի կառավարման ազգային դպրոցի միջև մայիսի 13-ին կնքված համագործակցության հուշագիրը հայկական և լիբանանյան բուհերի համագործակցության նոր սկիզբ է:

Մինչ հուշագրի ստորագրումը ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց Լիբանանի կառավարման ազգային դպրոցի տնօրեն Ջորջ Լաբակիին՝ վստահեցնելով, որ նոր սկսվող այս համագործակցությունը հետաքրքիր շարունակություն է ունենալու: Նա տեղեկացրեց, որ պարոն Լաբակիի հետ իրենք նախապես երկարատև նամակագրություն են ունեցել, քննարկել համագործակցության եզրերը, երկու բուհերի կրթական ծրագրերը և պարզել, որ բազմաթիվ ընդհանրություններ ունեն:

«Մենք ցանկանում ենք համատեղել մեր ջանքերը և վստահ ենք, որ հուշագրի ստորագրումից հետո նոր հորիզոններ կբացվեն մեր առջև»,- ասաց Արսեն Լոքյանը:

Նա տեղեկացրեց, որ մտադիր են համագործակցության շրջանակում համատեղ ծրագրեր իրականացնել հատկապես ուսանողների և դասախոսների փոխանակման ուղղությամբ:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը նշեց, որ Լիբանանի կառավարման ազգային դպրոցն ունի և՛ եվրոպական, և՛ ամերիկյան հավատարմագրում, ինչն էլ, թերևս, այդ հաստատության ունեցած բավական բարձր վարկանիշի նախապայմաններից է:

Արսեն Լոքյանն ասաց, որ Լիբանանը մեր ժողովրդի համար բարեկամ երկիր է, որն ապաստան է տվել ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ հայերի: Նրանց համար այս երկրում ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի, ինտեգրվելով նոր միջավայրին, չկորցնեն ազգային ինքնությունը: Պատահական չէ, որ Լիբանանի հայկական համայնքը ամենահզորներից է և այսօր էլ հայանպաստ գործունեություն է ծավալում:

Լիբանանի կառավարման ազգային դպրոցի տնօրեն Ջորջ Լաբակին շնորհակալություն հայտնեց հյուրընկալման և համագործակցության հնարավորության համար: Ասաց, որ Հայաստանում ինքն իրեն օտար միջավայրում չի զգում, իսկ Լիբանանում բազմաթիվ հայ ընկերներ ունի:

Երկու հաստատությունների ղեկավարները հուշանվերներ փոխանակեցին: Այնուհետև Լիբանանի կառավարման ազգային դպրոցի տնօրենը հանդես եկավ զեկուցմամբ՝ «Հանրային կառավարման բարեփոխումները հետկոնֆլիկտային երկրներում. վերադարձ «լավ կառավարմանը» կանոնակարգերո՞վ, թե առանց դրանց» խորագրով: Ջորջ Լաբակին խոսեց պետական կառավարման համակարգի բարեփոխումների, դրանցում միջազգային համայնքի դերի, բյուջեի պլանավորման, կայուն զարգացման ուղղությունների, մոբիլիզացնող աղբյուրների մասին, իսկ վերջում պատասխանեց ունկնդիրների հարցերին:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…