Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նազարբաևի անվան համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցի հետ համագործակցություն սինգապուրյան մոդելով

Մարտի 5-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալել էր Ղազախստանի Հանրապետության Նազարբաևի անվան համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցի դեկան Վենգ Թաթ Հյուին  և մարքեթինգի մենեջեր Յուլիա Քոուֆմանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ տպավորված է բուհի առաջընթացով և ձեռքբերումներով: Նշենք, որ Նազարբաևի անվան համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցը հիմնադրվել է 2012թ. Սինգապուրի ազգային համալսարանի Լի Կուան Յուի հանրային քաղաքականության դպրոցի հետ համագործակցության արդյունքում և այս կարճ ժամանակահատվածում հասցրել է հեղինակություն ձեռք բերել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենգ Թաթ Հյուն ասաց, որ առաջին անգամ են այցելում Հայաստան, թեև բազմիցս լսել են մեր երկրի մասին: Նա խոսեց իրենց բուհի ռազմավարական կարևոր նպատակների և ծրագրերի մասին, նշեց, որ հիմնական առաքելությունը համագործակցության հաստատումն է Ղազախստանի Հանրապետության հարևան երկրների հետ՝ երկրում և տարածաշրջանում բարեկամական մթնոլորտը ամրապնդելու, հանրային կառավարման ոլորտի փորձի փոխանակման համար: ՀՀ պետական կառավարման ակադեմիա այցի նպատակը համագործակցության նոր եզրեր ուրվագծելն է, քանզի, ինչպես նշեց դեկանը, Ակադեմիայի՝ կառավարման փորձին քաջատեղյակ լինելը երկուստեք շահավետ է:

Հյուրերը ներկայացրին Հանրային քաղաքականության դպրոցի մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերը, կրթաթոշակներին դիմելու հնարավորությունները, անդրադարձան նաև պետական ծառայողների վերապատրաստման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին: Իր խոսքում Վենգ Թաթ Հյուն կարևորեց արտասահմանյան դասախոսների, հատկապես Սինգապուրի ազգային համալսարանի կառավարման ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը իրենց վերապատրաստման ծրագրերում:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը հետաքրքրվեց Նազարբաևի անվան համալսարանում գիտական հետազոտական կենտրոնների առկայությամբ, հեռավար եղանակով ուսուցմամբ, կրթական համակարգում թվային տեխնոլոգիաների, նորարարական մեթոդների կիրառմամբ: Այս ուղղություններով  փորձի փոխանակման, դասախոսների և ուսանողների փոխանակման դրույթները կամրագրվեն հուշագրով, որն առաջիկայում կստորագրեն երկու հաստատությունների ղեկավարները:

Այնուհետև հյուրերը հանդիպեցին Կառավարման ակադեմիայի ուսանողների հետ և ներկայացրին համալսարանի հիմնադրման պատմությունը, համագործակցության աշխարհագրությունը, ռազմավարական գործընկերներին: Խոսելով համալսարանի մասին՝ Վենգ Թաթ Հյուն նշեց, թե ինչ առանձնահատկություններով է այն տարբերվում այլ բուհերից, ինչու արժի սովորել հենց այդ բուհում, և թե ինչ հեռանկարներ են բացվում իրենց շրջանավարտների առջև:

Արսեն Լոքյանը տեղեկացրեց, որ Նազարբաևի անվան համալսարանն իրենց կրթական ծրագրերում անվճար մասնակցության հնարավորություն է ընձեռել Կառավարման ակադեմիայի մի քանի ուսանողի:

Նորություններ

«Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական….