Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նաիրա Զոհրաբյան. «Մի՛ վախեցեք կարծրատիպեր կոտրելուց»

  

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալելու նպատակը ապագա քաղաքական գործիչներին հետաքրքրող բազում հարցերի պատասխաններն ստանալն էր: Արձագանքելով ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հրավերին՝ տիկին Զոհրաբյանը «Ես և քաղաքականությունը. ինչպես դարձա քաղաքական գործիչ» թեմայով հանդիպման էր եկել իր կուսակից գործընկերների հետ միասին: Իսկ ուսանողների շարքերում միայն ակադեմիականները չէին:

Ի սկզբանե հայտարարելով, որ իր համար անցանկալի հարցեր չկան՝ ԱԺ պատգամավորն իր ուրախությունը հայտնեց լսարանում կանանց մեծ թվի համար: Նաև հույս հայտնեց, որ իր առջև նստած ապագա քաղաքական գործիչները կոտրելու են այն կարծրատիպը, թե քաղաքականությունը միայն տղամարդու գործ է: Վստահեցրեց, որ 21-րդ դարը «փափուկ ուժի» դար է: Այսուհանդերձ, տիկին Զոհրաբյանն իրեն ֆեմինիստ չի համարում. «Ինձ համար չկա այս կամ այն սեռի իրավունքի առավելություն, կա մարդու իրավունք»:

Կողմնակից լինելով քաղաքականության մեջ և պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությանը, այնուամենայնիվ կարծում է, որ այդ հարցում պարտադրանքը չպետք է գործի: Նա դեմ է, իր խոսքով, «արհեստական քվոտավորմանը», ուզում է, որ ընտրությունը լինի բնական և պայմանավորված չլինի սեռով:

Ներկայացնելով իր կյանքի պատմությունը՝ պատգամավորը պատասխանեց կարծես բոլորին հետաքրքրող հարցին՝ ինչպե՞ս և ինչո՞ւ լրագրողը դարձավ քաղաքական գործիչ:

«Մինչ քաղաքականություն մտնելը այդ շրջանում առաջատար համարվող իմ մյուս գործընկերների հետ արդեն իսկ մեր հոդվածներով «սադրում» էինք քաղաքականությունը, ինչ-որ չափով ուղղորդում այն: Եվ երբ պարոն Ծառուկյանը նման առաջարկ արեց, համաձայնեցի: Արդեն տասը տարի որպես լրագրող Ազգային ժողովում էի և պատգամավոր դառնալով՝ ընդամենը «վերևից» իջա «ներքև»,- պատմեց մասնագիտությամբ թատերագետ, սակայն մասնագիտությամբ ոչ մի օր չաշխատած Նաիրա Զոհրաբյանը:

Քաղաքականության մեջ նրա անցած ճանապարհն առանց դժվարությունների չի եղել: Բազում խոչընդոտներ է հաղթահարել, որոնք նրա առջև դնում էին տղամարդ քաղաքական գործիչները: Սակայն, առաջնորդվելով այն կարգախոսով, որ այն, ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում, Նաիրա Զոհրաբյանը երբեք հուսախաբ չի արել նրանց, ովքեր վստահել են իրեն: Եվ այդ ճանապարհին որոշակի դասեր է քաղել, սկզբունքներ որդեգրել, ինքն իր համար ճշմարտություններ բացահայտել, որոնք սիրով փորձեց փոխանցել լսարանին:

«Միշտ մեծ երազանք ունեցեք, եթե անգամ այն անիրականանալի է թվում: Մի՛ վախեցեք թշնամիներ ունենալուց. դա մոտիվացնում է և առաջ մղում: Թշնամիներին չարությամբ մի՛ պատասխանեք, այլ հաղթեք ձեր հաջողությամբ: Երբեք մի՛ նախանձեք, որովհետև նախանձը հոգու հաշմանդամություն է:

Միշտ ունեցեք ձեր անձնական տարածությունը: Մտածեք ազատ, մի՛ վախեցեք կարծրատիպեր կոտրելուց: Եթե դուք նման չեք մեծամասնությանը, դա չի նշանակում, թե իրենք են ճիշտը:

Միշտ փորձեք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ և ուրիշների: Սովորեք ասել «ոչ»: Ավելի լավ է փշրեք ինչ-որ մեկի հույսը, քան խաբեք նրան:

Կնոջը պետք է մի՛շտ գնահատել, ոչ թե տոնից տոն: Կանանց տոնը խտրականություն եմ համարում կանանց հանդեպ…»:

Լսարանից հնչած հարցերը բազմազան էին: Դրանք վերաբերում էին ՀՀ-ում կուսակցությունների կայացման խնդրին, Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայաստանի դատական համակարգի անկախությանը, համաներմանը, մեդիագրագիտությանը և այլն: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունների կայացումը ժամանակի խնդիր է, որը կլուծվւ գրագետ սերնդափոխության շնորհիվ: Արցախի հիմնախնդիրը, պատգամավորի կարծիքով, Արցախի ժողովուրդը դեռ 1991 թվականին է լուծել օրինական հանրաքվեի միջոցով: Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, ապա, ըստ նրա, չի կարող լինել «տարածքներ խաղաղության դիմաց». «Դրանք մեզ համար տարածքներ չեն, դա մեր հայրենիքն է: Իսկ մենք հայրենիք հանձնող չենք»:

Տիկին Զոհրաբյանը համաձայն է, որ Հայաստանում դատական համակարգը կայացած չէ: Վստահ է, որ նրան լիարժեք անկախություն է տրված, սակայն մարդու մեջ նստած ստրուկը վախենում է ինքնուրույն որոշումներ կայացնելուց: «Մեր երկրի իրավական համակարգը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի»,- ասաց պատգամավորը:

Ազգային ժողովի պատգամավորի և ապագա քաղաքական գործչի երկխոսությունը թույլ տվեց բացահայտել Նաիրա Զոհրաբյանի ինչպես անձնային հատկանիշները, այնպես էլ քաղաքականության մեջ որդեգրած սկզբունքներն ու արժեքները: Նա համոզված է, որ ցանկացած գործունեության մեջ հաջողություն ունենալու նախապայմանը ներդաշնակությունն է ընտանիքում ու անձնական կյանքում:

Հանրային ճանաչման հաճույքն ու անհարմարությունն զգացած քաղաքական գործիչն իրեն երջանիկ մարդ է համարում: Անգամ «մշակել է» երջանկության իր բանաձևը: Դա երեք «չ»-երի սկզբունքն է՝ չվախենալ, չնախանձել, չափսոսալ:

 

Նորություններ

«Ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան սեփական, բայց մենք այդքան ժամանակ չունենք…»: ՀՀ պետական….