Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջուկային հիմնախնդիրները՝ միջազգային անվտանգության գլխավոր մարտահրավերներ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հրավերով ապրիլի 9-ին Ակադեմիայում դասախոսությամբ հանդես եկավ քաղաքական գիտությունների թեկնածու, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը: «Իրանի միջուկային հիմնահարցը և Չինաստանը» թեման նա վերլուծեց ՄԱԿ անվտանգության խորհրդից մինչև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեքստում՝ փորձելով «քանդել» Իրանի միջուկային ծրագրի «գլուխկոտրուկը» և հասկանալ, թե ինչպես կարելի է այդ վերլուծություններն օգտագործել հօգուտ ՀՀ արտաքին քաղաքականության:

Միջուկային հիմնախնդիրները համարվում են 21-րդ դարի միջազգային անվտանգության գլխավոր մարտահրավերները: Այդ հիմնախնդիրներից առանձնացնելով Իրանի միջուկային նկրտումները՝ բանախոսը դրանց անդրադարձավ Չինաստանի վարած քաղաքականության համատեքստում:

Նախ խոսեց այն մասին, թե միջուկային զենք ունենալու ծրագիրն ինչպիսի ծանր կացության մեջ դրեց Իրանին: ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով երկրի տնտեսությունն անկում էր ապրում, և միակ ելքը մնում էր փոխզիջումը՝ գոնե որոշ պատժամիջոցներից խուսափելու համար: Մհեր Սահակյանը վերլուծեց Իրանի Իսլամական Հանրապետության վերջին երեք նախագահների՝ Մուհամեդ Խաթամիի, Մահմուդ Ահմադինեժադի և Հասան Ռոհանիի վարած քաղաքականությունը միջուկային ծրագրի իրականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Չինաստանին, նշեց, որ «21-րդ դարում Չինաստանը դարձել է հզոր ուժ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով և փորձում է պայքարել միջուկային զենքի տարածման դեմ»:

«Չինաստանը հետաքրքրված է Իրանի էներգակիրներով ու կայունությամբ: Նա ցանկանում է տեսնել առանց միջուկային զենքի, սակայն ԱՄՆ-ից անկախ Իրան, որը նվազեցնում է ԱՄՆ-ի դերը այս տարածաշրջանում: Միևնույն ժամանակ Չինաստանի համար Իրանը ապրանքների սպառման կարևոր շուկա է, բացի այդ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր խաղացող»,- ասաց Մհեր Սահակյանը:

Դասախոսության ընթացքում չին-իրանական հարաբերությունները քննարկվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ստորագրումից հետո «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում:

Բանախոսի դիտարկմամբ, Չինաստանը միշտ դեմ է եղել միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ծրագրին, բայց նաև դեմ է եղել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն: Նա երբեք միակողմանիորեն պատժամիջոցներ չի կիրառել Իրանի դեմ, բայց և կողմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ այն բանաձևերին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ:

«Չինաստանը միշտ փորձել է օգուտ քաղել ԱՄՆ-Իրան հակամարտությունից»,- ասաց Մհեր Սահակյանը՝ նշելով, որ չին-իրանական հարաբերություններն ավելի բարդ ու սահմանափակված են լինելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ԱՄՆ մամլիչ պատժամիջոցների ներքո, իսկ այդ հարաբերությունների որոշիչ պահն այն է լինելու, երբ պատժամիջոցները կտարածվեն նաև Չինաստան առաքվող էներգակիրների վրա:

Լսարանին հետաքրքրող հարցերի շրջանակը, որոնց սիրով պատասխանեց բանախոսը, չէին սահմանափակվում միայն չին-իրանական հարաբերություններով: Հնչեցին հարցեր նաև Չինաստան-ԱՄՆ, Չինաստան-Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես կարևոր խաղացողի դերի մասին:

Մհեր Սահակյանը Պետական կառավարման ակադեմիայի գրադարանին նվիրեց իր հեղինակած «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» մենագրությունը, որտեղ հետաքրքրվողները կգտնեն հնչած և չհնչած բազում հարցերի պատասխաններ:

Ավելացնենք, որ Մհեր Սահակյանն անդամակցում է Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիային: Գիտական թեզը պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի (Nanjing University) միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Նախկինում ղեկավարել է Չինաստանի հայկական համայնքը:

 

Նորություններ

«Էրասմուս +»-ի՝ դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում ապրիլի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում……