Միջազգային գիտաժողովն ամփոփեց աշխատանքը

«Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի երրորդ օրն անցավ է՛լ ավելի բուռն քննարկումների մթնոլորտում: Աշխատանքային խմբերը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակեցին պանելային քննարկումները:

 «Հանրային կառավարում» աշխատանքային խմբում քննարկվեցին ինովացիոն կրթության կազմակերպման հիմնախնդիրներին, ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին, ընտրական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը և այլ խնդիրների վերաբերող արդիական թեմաներ:

«Տնտեսագիտություն և գործարարություն» աշխատանքային խմբում մեծ հետաքրքրություն առաջացրին տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության համակարգերի կիրառությանը, ցանցային տնտեսության համատեքստում տնտեսական համակարգերի զարգացման միտումներին, բնության վրա հիմնված լուծումների կառավարման նորարարական մոտեցումներին վերաբերող թեմաները և հատկապես «Վարկային ռիսկի դերը հիփոթեքային վարկային պորտֆելի կառավարման համակարգում» զեկուցումը:

Գիտաժողովում ներկայացնելու ոչ պակաս հետաքրքիր ու արդիական թեմաներ էին ընտրել «Քաղաքագիտություն» աշխատանքային խմբում ընդգրկված մասնակիցները: Հիշարժան են հատկապես «Հանրային կառավարման և պետականակարգությունների կերպափոխման պահանջը` քաղաքակրթական ժամանակակից ճգնաժամի հաղթահարման համատեքստում», «Քաղաքական բրենդը որպես ՀՀ անվտանգության բաղադրիչ», «Ազգային ինքնության պահպանումը գլոբալիզացիայի պայմաններում» և այլ թեմաներով զեկուցումները:

«Ազգային ինքնության իրավունքը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման հրամայականի համատեքստում» վերտառությամբ խիստ արդիական թեմա ներկայացվեց «Իրավագիտություն» աշխատանքային խմբում: Հետաքրքիր էին նաև վարչարարության բողոքարկման համատեքստում օմբուդսմենի լիազորություններին, ընտրական իրավունքում գենդերային քվոտային վերաբերող զեկուցումները:

Ընդհանուր առմամբ, գիտաժողովն անցավ բարձր մակարդակով, հնչեցին արդիական և հանրությանը հուզող թեմաներով բազմաթիվ զեկուցումներ: Հատկանշական է, որ գիտաժողովին մասնակցում էին ինչպես իրենց ոլորտներում վաստակ ունեցող հեղինակավոր գիտնականներ, այդ թվում` արտերկրի տարբեր բուհերից, այնպես էլ գիտության ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդ մասնագետներ` ասպիրանտներ և մագիստրանտներ:

Գիտաժողովին ներկայացված զեկուցումները կտպագրվեն ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» հանդեսի հատուկ համարում:

Leave a Reply