Միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ՊԿԱ 30-ամյակին

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 30-ամյակի կապակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի մեկնարկը տրվեց մայիսի 22-ին, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի նիստերի  դահլիճում:

Գիտաժողովին մասնակցելու Ակադեմիայի հրավերին արձագանքել են Հայաստանի և արտերկրի 100-ից ավելի հեղինակավոր գիտնականներ և հետազոտողներ, որոնք զբաղվում են հանրային կառավարման ոլորտի խնդիրների ուսումնասիրությամբ և պատրաստ են իրենց հետազոտությունների արդյունքներն ու փորձը փոխանցել գիտաժողովի մյուս մասնակիցներին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը: Ողջունելով մասնակիցներին` նա նշեց, որ այս գիտաժողովն իր ընդգրկվածությամբ աննախադեպ է Ակադեմիայի պատմության մեջ, ինչը վկայում է ինչպես թեմայի արդիականության և կարևորության մասին, այնպես էլ 30-ամյա Ակադեմիայի դերի ու նշանակության: Մաղթելով բուռն քննարկումներ և ակտիվ մասնակցություն` Խ. Ղազեյանն առաջարկեց մինչև գիտական թեմաների քննարկումը դիտել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մասին պատմող տեսաֆիլմը, որտեղ ներկայացված է Ակադեմիայի անցած ճանապարհը և Ակադեմիայի դերակատարությունը հանրային կառավարման ոլորտը բանիմաց կադրերով ապահովելու գործում:

Այնուհետև ինչպես հայաստանցի, այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերը Ակադեմիայի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ հնչեցրին իրենց բուհերի ռեկտորների անունից։

Գիտաժողովի առաջին օրվա պլենար նիստում ընդգրկված էր 15 զեկուցում, որոնց հեղինակները Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Տաջիկստանի գործընկերներն էին և ոլորտի մասնագետները: Զեկուցումներում արծարծվող թեմաները նույնպես բազմազան էին` զինված ուժերի կառավարման տեսական հիմնախնդիրներ, տնտեսության կայուն զարգացման ռազմավարական գերակայություններ, Հայաստան-Իրան հարաբերությունների ընկալումներ, Հայաստանի անվտանգային համակարգի արդիականացման հիմնախնդիրներ, տնտեսական դիվանագիտություն և այլն:

Գիտաժողովի աշխատանքները համակարգում է ՀՀ ՊԿԱ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Գայանե Հարությունյանը:

 

Leave a Reply