Հոկտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկել է «Կառավարման ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են նաև Ռուսաստանից և Վրաստանից ժամանած գիտնականներ: Գիտաժողովի նպատակը ժամանակակից կառավարման հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկելն է, գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնելը, ձևափոխվող հասարակությունում կառավարման ժամանակակից մարտահրավերները և դրանց լուծման ուղիները բացահայտելը, կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրները ուրվագծելը:
Գիտաժողովի լիագումար նիստում մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովն իր ներդրումը կունենա գիտության և տեխնոլոգիաների ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության զարգացման գործում:
«21-րդ դարում տեղի ունեցող ինտեգրման և գլոբալացման գործընթացները վերաիմաստավորում են պետության դերն ու նշանակությունը, փոխում կառավարման փիլիսոփայությունը, նպատակներն ու խնդիրները,- ասաց Արսեն Լոքյանը:- Զարգացած գիտությունը ուժեղ պետության ցուցանիշ է, և գիտական նվաճումները վկայում են պետության տնտեսական զարգացման աստիճանի ու միջազգային հեղինակության մասին: Ուստի թե՛ միջազգային գործընթացները և թե՛ գիտության դերի մեծացումը հանգեցրին նրան, որ ներկայումս գիտության կառավարման համակարգի վերափոխումներ են ընթանում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում»:
Կառավարման ակադեմիայի ռեկտորը համոզմունք հայտնեց, որ երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքում կգտնեն բազում խնդիրների լուծումներ: Նշեց, որ գիտաժողովի եզրահանգումները կնպաստեն մասնակից երկրների կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացմանը և կօգնեն նախանշելու ոլորտի զարգացման հեռանկարները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կարևորեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի՝ որպես գիտության կառավարման և պետական կառավարման ոլորտներում ուսումնասիրություններ իրականացնող հաստատության դերը: Նա շեշտեց գիտության ոլորտի կառավարման անհրաժեշտությունը և կարծիք հայտնեց, որ Կառավարման ակադեմիայում կարելի է գիտության կառավարման վերաբերյալ դասընթաց անցկացնել:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը հույս հայտնեց, որ գիտաժողովը կծառայի հիմնական նպատակին, այն է՝ բոլոր ոլորտների կառավարումն իրականացնել գիտական հիմքի վրա:
Գիտաժողովի լիագումար նիստում առաջինը հնչեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ «Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը. ապագային միտված ծրագրեր» խորագրով զեկուցումը: Նա ներկայացրեց Գիտության պետական կոմիտեի հիմնադրման պատմությունը, նրա կառուցվածքը և այն քայլերը, որոնք ուղղված են գիտության զարգացմանը:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Վիկտոր Ալախվերդովը խոսեց գիտակցության, ստեղծագործության և կառավարչական գործունեության ընթացքում դրանց դերի մասին: Նրա բնորոշմամբ, թեև հաճախ խնդրի լուծումը գալիս է անսպասելի, սակայն այն ազդանշան է տալիս, պարզապես «պետք է նկատել այն և բաց չթողնել պահը, երբ հնչում է զանգը»:
Հայ և ռուս ուսանողների շրջանում կատարված ուսումնասիրությունները ներկայացրեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի ինժեներական հոգեբանության և էրգոնոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Օբոզնովը: Ուսումնասիրությունները նվիրված էին ծառայողների անձի նորմատիվ ուղղվածության մասին ուսանողների պատկերացումներին: Հետաքրքիր է, որ երկու երկրներում էլ ապագա կառավարիչները պետական համակարգն առաջին հերթին դիտարկում են որպես ինքնադրսևորման, ինքնիրացման հնարավորություն:
Հայաստանում կառավարիչներ պատրաստելու գործընթացը երկար պատմություն չունի, սակայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես պետական համակարգի համար կադրեր պատրաստող հաստատություն, արդեն հեղինակություն է ձեռք բերել: Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանն անդրադարձավ կառավարիչների գործունեության կադրային քաղաքականության հոգեբանական աջակցության խնդրին՝ տեղեկացնելով, որ Կառավարման ակադեմիայում բոլոր դիմորդները հայտ ներկայացնելիս հոգեբանական թեստ են լրացնում, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու նրանց հոգեբանական պատկերը:
Գիտաժողովի առաջին օրը հնչեցին մեկ տասնյակից ավելի զեկուցումներ, որոնց հեղինակներն անդրադարձան գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, գիտության ենթակառուցվածքների արդիականացման, միջազգային գիտական համագործակցության զարգացման, գիտության կառավարման ոլորտի կադրերի նպատակային պատրաստման ու վերապատրաստման, որակավորման բարձրացման և այլ հարցերի:
Հոկտեմբերի 10-ին մեկնարկած «Կառավարման ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը շարունակվեց նաև հոկտեմբերի 11-ին: Ամփոփելով գիտաժողովի արդյունքները և գնահատելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը զեկուցողներին հանձնեց վկայագրեր: