Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մենագրություն Չինաստանի կառավարման մշակույթի մասին

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարանում նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Աննա Զալինյանի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների պետական կառավարման առանձնահատկությունները» գրքի շնորհանդեսը: Թեմայի ուսումնասիրությունը Աննան սկսել է ավելի վաղ. Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան ավարտելուց հետո նա սովորել է նաև ասպիրանտուրայում՝ պաշտպանելով ատենախոսություն՝ «Տնտեսության պետական կառավարման առանձնահատկությունները (Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինակներով)» թեմայով: Թեման զարգացնելու և մենագրության տեսքով հանրությանը ներկայացնելու գործում Աննային օգնել է չինարենի իմացությունը և ՉԺՀ-ում Սյամենի համալսարանում լեզվի, մշակույթի և կառավարման ուսումնասիրությունը: Արդյունքում այսօր արդեն ընթերցողի սեղանին է չափազանց արդիական մի մենագրություն:

Գրքի շնորհանդեսի մասնակիցներին նախ ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Նշելով, որ այս աշխատանքը Աննայի երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է՝ ռեկտորը վստահեցրեց, որ վիճակագրական տվյալներով հագեցած խորքային այս հետազոտությունը հետաքրքիր կլինի ոչ միայն ուսանողների համար, այլև տվյալ ուղղության մասնագետների ու դասախոսների:

«Թեման հետաքրքիր է հատկապես Կառավարման ակադեմիայի և չինական մի շարք բուհերի հետ համագործակցության համատեքստում,- նշեց Արսեն Լոքյանը:- Մենագրությունը այդ համագործակցության արտահայտությունն է, որն իր շարունակությունն է ունենալու»:

Շնորհավորական խոսք ասաց «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մհեր Սահակյանը: Նա շեշտեց, որ Հայաստանում չինագիտությունը նոր է զարգանում, և այս ուղղությամբ հայերեն գրականության պակաս կա:

«Սա մեկ անգամ ևս կարևորություն է հաղորդում Աննա Զալինյանի կատարած աշխատանքին, որտեղ խորությամբ ուսումնասիրվել և ներկայացվել են Չինաստանի տնտեսության ու պետական կառավարման առանձնահատկությունները»,- ասաց Մհեր Սահակյանը:

Նա հավելեց, որ աշխատանքը կարևոր է նաև նրանով, որ փորձ է արվել համեմատել Հայաստանի և Չինաստանի պետական կառավարման առանձնահատկությունները: Ավելին, հեղինակը կոնկրետ առաջարկություններ է արել Չինաստանի փորձը Հայաստանում կիրառելու վերաբերյալ:

Աննային շնորհավորեց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Նա կարևոր համարեց Չինաստանի հետ հարաբերությունների սերտացումը, ինչին կարող է նպաստել նաև այս մենագրությունը: Միքայել Մելքումյանը նաև խոսեց Զալինյան ընտանիքի մասին, որի արժանի շարունակողն է Աննան:

«Մենք պետք է փորձենք գնահատել այն ընտանիքները, որոնք զբաղվել են գիտությամբ, որոնք գիտական ժառանգություն են թողնում սերունդներին: Մենք պետք է միջավայր ստեղծենք, որտեղ կգնահատվի գիտության ոլորտում ունեցած ավանդը»,- ասաց պատգամավորը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Դավթյանը, որը նաև ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ է, նշեց, որ խաղաղասիրությունն ու աշխատասիրությունը հայ և չինացի ժողովուրդների ընդհանուր հատկանիշներից են:

«Ես հույս ունեմ, որ այս աշխատանքը կարող է մեծ դեր ունենալ հայ-չինական բարեկամությունն ամրապնդելու և համատեղ ծրագրեր իրականացնելու գործում»,- ասաց նա:

Շնորհավորելով հեղինակին՝ Արթուր Դավթյանը շնորհավորեց նաև բոլոր նրանց, ովքեր պետք է կարդան այս գիրքը և դրանից օգուտ քաղեն:

«Չինաստանին բնորոշ է ուղեղների ներգրավման քաղաքականություն վարելը, սակայն այս պարագայում գործ ունենք ուղեղների շրջապտույտի հետ»,- ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:

Նա խոստովանեց, որ մենք շատ բան ունենք սովորելու չինացիներից, մասնավորապես՝ նրանց մաքսիմալիստական մոտեցումներից: Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, ունենալով մաքսիմալիստական նպատակներ և դրա հիմքում դնելով հայ ազգի ստեղծագործական ունակությունները՝ մենք կարող ենք շատ բանի հասնել: Աննա Զալինյանի մենագրությունը, նրա համոզմամբ, դեպի այդ նպատակը տանող աշխատություն է:

ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը նույնպես կարևոր համարեց այս մենագրությունը և հույս հայտնեց, որ «ներքին շահառուները, նրանք, ովքեր ընթերցելու են այս գիրքը, անպայման այն կօգտագործեն իրենց աշխատանքում»:

Նա կարևորեց երեք հանգամանք: Առաջին հերթին այն, որ մեր իրականության մեջ գրքի շնորհանդես կազմակերպելն արդեն ուրախանալու առիթ է: Նշանակում է՝ գիրքն արժեք է: Ապա՝ գրքի թեմայի ընտրությունը. «Չինաստանն այն երկիրն է, որը, իմ խորին համոզմամբ, դառնալու է առաջիկա զարգացման համաշխարհային մոդել»: Պրոֆեսորի նշած երրորդ հանգամանքն այն է, որ այս գրքի հեղինակը Աննա Զալինյանն է՝ աշխատասեր ու պրպտող: Նրա կարծիքով, Աննան Չինաստանի տնտեսությանը հարիր աշխատանք է ներկայացրել, որն անպայման պետք է շարունակություն ունենա:

«Շատ եմ կարևորում չինական կառավարման մշակույթի ուսումնասիրությունը, որին ես ծանոթացել եմ Չինաստանում ուսանելու տարիներին և հենց չինարեն բնագրերից»,- շնորհավորանքներն ընդունելուց հետո ասաց Աննա Զալինյանը: Նա շնորհակալական խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն գիտական առումով կայանալու ճանապարհին:

 

 

  

 

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը