Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մասնավոր ընկերությունը՝ ՀՀ ՊԿԱ գործընկեր

 

  

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործընկերների շարքում հատկապես վերջին տարիներին ավելացել է մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների թիվը: Հերթական այդպիսի համագործակցության հիմքը դրվեց մի քանի շաբաթ առաջ, երբ «Քարֆուր Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վաչե Արսենը հյուրընկալվեց Ակադեմիայում և հանդիպեց Ակադեմիայի ղեկավարության ու մագիստրանտների հետ: 

Այսօր՝ ապրիլի 16-ին, համագործակցությունը պաշտոնական բնույթ ստացավ. Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենը կնքեցին համագործակցության հուշագիր:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը նոր սկսվող համագործակցությունը փոխշահավետ համարեց: Այն հնարավորություն կտա Ակադեմիայի հատկապես «Գործարար վարչարարություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում» և «Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրերով սովորողներին պրակտիկա անցնել համաշխարհային համբավ ունեցող ընկերությունում, ծանոթանալ վերջինիս կուտակած մեծ փորձին: Հնարավոր է, որ այդ ուսանողներն ապագայում իրենց կարիերայի զարգացման հեռանկարը կապեն հենց  այդ ընկերության հետ:

Ա. Լոքյանը Ակադեմիայի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցելու «Քարֆուր Արմենիային» երիտասարդ կադրերի շարունակական ապահովման, ինչպես նաև համատեղ հետազոտությունների իրականացման հարցում: Ռեկտորի խոսքով՝ նման հետազոտական աշխատանքները օրեցօր ավելի պահանջված են դառնում ողջ աշխարհում լայն թափ ստացող նեյրոմարկետինգի համատեքստում: Այդ աշխատանքները կդառնան մագիստրոսական թեզեր, դրանք էլ կարող են օգտակար լինել ընկերության հետագա գործունեության համար:

Պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության հուշագրի կնքումը շատ կարևոր համարեց «Քարֆուր Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վաչե Արսենը: Նա խոստացավ, որ Ակադեմիայի ուսանողների պրակտիկայի ընթացքում կկիրառվի Քարֆուրի միջազգային փորձը:

ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը  հիմնավորեց այս համագործակցության երկուստեք շահավետ բնույթը՝ շեշտը դնելով պետական և մասնավոր հատվածների գիտելիքների և փորձի համատեղման հնարավորության վրա:

Ավանդույթի համաձայն՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը «Քարֆուր Արմենիայի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենին հանձնեց Ակադեմիայի հուշանվերը:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…