Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 3-ին կնքված N ԵՔ-ԳՀԾՁԲ-23/112 ծառայությունների գնման պայմանագրի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները սեպտեմբերի 11-22-ը մասնակցեցին «Էմ Էս Էքսել» («MS Excel») ծրագրով վերապատրաստման դասընթացին:
Դասընթացի վերջին օրը վերապատրաստման մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքների հաշվետվությունը ներկայացնում են թեստի միջոցով։ Իսկ մինչ այդ և՛ վերապատրաստվողները, և՛ դասավանդողները նշեցին թեմայի կարևորությունը։ Բնականաբար, այսօր անհնար է առանց համակարգչային բավարար գիտելիքների արդյունավետ աշխատել պետական կամ համայնքային կառավարման ոլորտում։ Մասնակիցներից շատերը խոստովանեցին, որ միայն դասընթացի ընթացքում հասկացան, թե որքան թերի էին իրենց գիտելիքներն այդ ոլորտի վերաբերյալ։ Նրանք արդյունավետ համարեցին վերապատրաստումը, որի ընթացքում ոչ միայն ամրապնդեցին գիտելիքները, այլև ձեռք բերեցին նոր հմտություններ, ինչի համար անչափ շնորհակալ են դասավանդողներին՝ Աննա Ղուշչյանին և Ժաննա Սողոմոնյանին: Վերջիններս իրենց հերթին գոհունակություն հայտնեցին խմբի ակտիվությունից և նշեցին, որ սովորելու և զարգանալու այսպիսի պատրաստակամություն դրսևորող խմբերում դասավանդելը միշտ էլ լավ արդյունք է ունենում:
Վերապատրաստման արդյունավետության ցուցիչ կարելի է համարել նաև այն, որ մասնակիցները ցանկություն հայտնեցին շարունակելու ծրագիրը թեմատիկ վերապատրաստումների միջոցով: