ՀՀ պետական կառավարման ակադեմիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կառավարման ինստիտուտների և դպրոցների միության (NISPAcee) ինստիտուցիոնալ անդամ է:
Բուխարեստում (Ռումինիա) 2022 թ. հունիսի 2-4-ը տեղի ունեցավ NISPAcee 30-րդ հոբելյանական՝ «Ճգնաժամեր, խոցելիություն և ճկունություն հանրային կառավարման համակարգում» խորագրով գիտաժողովը, որին հրավիրված էր մասնակցելու Ակադեմիայի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար, NISPAcee-ում ՀՀ ՊԿԱ գլխավոր ներկայացուցիչ Թերեզա Խեչոյանը:
«Նորամուծություններ և էլեկտրոնային կառավարում` ճկուն պետական կառավարում կառուցելու համար» խորագրով աշխատաժողովում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի, Աստանայի քաղաքացիական ծառայության հաբի և NISPAcee-ի կողմից, Թ. Խեչոյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես ՀՀ պետական կառավարման ակադեմիայում նշված ոլորտում ձեռք բերված փորձը: Սերբիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Ղազախստանի, Վրաստանի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչները ներկայացրին իրենց երկրների փորձը:
Գիտաժողովի եզրափակիչ նիստում Թ. Խեչոյանը հանդես եկավ որպես խոսնակ։ Քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` ինչպես կարող է NISPAcee-ն օժանդակել Հանրային կառավարման ծրագրերին՝ մեր ժամանակի մարտահրավերներին դիմակայելու հարցում, ինչպես կարող է NISPAcee-ն առավել արդյունավետորեն ազդել կառավարման որակի վրա, ինչպես բարձրացնել NISPAcee-ի դերը պատշաճ կառավարման խթանման գործում։