Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գրադարանների ազգային իրազեկման օրվա միջոցառումը Գորիսի պետական համալսարանում

 

 

 

2018 թ. հունիսի 1-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Գրադարանների ազգային իրազեկման օրվա միջոցառումը, որին նախորդեց մայիսի 31-ին կազմակերպված «Ինչպես դառնալ ավելի լավ դասախոս՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները» խորագրով վարպետության դասը, որն անցկացրին եվրոպական գործընկերներ Անջելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիա համալսարան՝ Ռումինիա) և Մանոլիս Կուկուրակիսը (Կրետեի համալսարան՝ Հունաստան): Միջոցառմանը մասնակցեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի  զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի մասնակից հայաստանյան բուհերի ներկայացուցիչները, եվրոպական գործընկերները, ինչպես նաև Սյունիքի մարզային և քաղաքային գրադարանների աշխատակիցները:  

Աշխատաժողովի բացման արարողության ժամանակ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ծրագիրը համակարգող կրթական հաստատության՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը այս ծրագիրը մասնակից բուհերի համար համարեց մի հիանալի հնարավորություն՝ ունենալու հրաշալի գրադարաններ, գրադարանային ծառայությունների բարձր որակ, ինչը, միանշանակ, կնպաստի գիտության և կրթության զարգացմանը:

«Բոլորս գիտենք, որ այս ծրագրի նպատակը գրադարանային ցանցի զարգացմանը, գրադարանների անձնակազմերի կարողությունների հզորացմանն ու բարեփոխմանը նպաստելն է:

Կարևորում եմ նաև այն, որ մենք ծրագրի շնորհիվ ձեռք բերեցինք բազմաթիվ բարեկամներ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «էրազմուս+» ծրագրի ղեկավարությանը, մեր եվրոպացի գործընկերներին՝ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում մեզ աջակցելու, անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու համար»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, LNSS Ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը նույնպես կարևորեց այս հնարավորությունը՝ ընդգծելով Գրադարանների ազգային իրազեկման օրեր կազմակերպելու, ինչպես նաև այս աշխատաժողովի նշանակությունը: Տիկին Խեչոյանը ներկայացրեց շուրջ երեք տարի առաջ մեկնարկած ծրագրի ձեռքբերումները, ծրագրի շրջանակում գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար կազմակերպված դասընթացները, գրադարանավարների վերապատրաստման մոդուլները և պիլոտային երկու դասընթացները, որոնք կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի և Մոլդովայի՝ ծրագրի կոնսորցիումի անդամ գործընկեր համալսարաններում: Ծրագրի շրջանակում շուրջ 820 հոգի արդեն իսկ վերապատրաստվել է տարբեր թեմաներով, իսկ մինչև ծրագրի ավարտը այս թիվը կհատի 1000-ի շեմը: Թերեզա Խեչոյանը շնորհակալություն հայտնեց հատկապես գրադարանային գործի փորձառու մասնագետներ Ջերարդ Քուլլենին, Անջելա Ռեպանովիչիին, Մանոլիս Կուկուրակիսին, Ջերալդ Քավանագին և Պադրիգ Քըրբիին, ովքեր ներկայացնում են «Պիրամիդ» խումբը (Գերմանիա), , Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանը (Ռումինիա), Կրետեի համալսարանը (Հունաստան) և Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը (Իռլանդիա): Նրանք իրենց խորհրդատվությամբ և աջակցությամբ մեծ ներդրում ունեցան LNSS ծրագրի աշխատանքների հաջող իրականացման գործում:

Լրացնելով ]րագրի համակարգող Թերեզա Խեչոյանի խոսքը՝  Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն անդրադարձավ իրենց բուհի համար ծրագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա իրականացման ընթացքում հավելյալ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունը և ներկայացրեց SWOT  վերլուծություն: Նա նշեց, որ ծրագրի նպատակները՝ գրադարանների թվայնացումն ու արդիականացումը, էլեկտրոնային հավաքածուների հարստացումը, գրադարանավարների մասնագիտական, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության հմտությունների զարգացումը, գրադարանի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը և, ամենակարևորը, ազգային ու միջազգային գրադարանային ցանցին ինտեգրվելը, Ծրագիրը դարձնում են հավակնոտ, բայց և արդարացված:

Աշխատաժողովում թիրախային թեմաներով (Հայաստանի թվային գրադարանները, միջազգային գիտական տվյալների բազաներին հասանելիությունը Հայաստանում, հեղինակային իրավունքի սահմանափակումները գրադարանների համար, գիտաչափության հարցեր, ASPIRE և LNSS ծրագրերի փոխկապվածությունը և փոխազդեցությունը, գրադարանային ծառայությունների որակի բարելավումը և այլն) զեկուցումներով հանդես եկան Անջելա Ռեպանովիչին, Մանոլիս Կուկուրակիսը, Ջերարդ Քուլլենը,  Աննա Չուլյանը,   (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի վարիչ), Արթուր Վարդազարյանը («Նոր հորիզոն» ՔՀԿ):

Քննարկվեցին նաև ծրագրի գործընկերների հետագա համագործակցության հնարավորությունները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Ա. Լոքյանը և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր: Համագործակցության նպատակը կրթության և գիտության ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

Վերջում տեղի ունեցավ այց Գորիսի պետական համալսարանի գրադարան:

  

 

 

 

 

 

Նորություններ

Մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի հունիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ…