Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեկնարկել է «Կրթություն և կարիերա էքսպո 2018» ցուցահանդեսը

ՀՀ պետական կառավարման ակադեմիան այս տարի ևս, ի թիվս հայաստանյան մի շարք այլ համալսարանների, մասնակցում է Երևանում ապրիլի 11-ին մեկնարկած «Կրթություն և կարիերա էքսպո 2018» ցուցահանդեսին: Միջազգային մասնագիտացված այս ցուցահանդեսը այցելուներին ներկայացնում է տարբեր կրթական առաջարկներ, ծանոթացնում բուհերի նոր կրթական ծրագրերին և մասնագիտություններին: Ուստի պատահական չէ, որ այցելուների շարքում մեծ թիվ են կազմում դիմորդները:

Պետական կառավարման ակադեմիայի տաղավարում հետաքրքրվողները ծանոթանում են պետական կառավարման համակարգի համար մասնագետ կադրեր պատրաստող այս եզակի հաստատության գործունեությանը, կրթական ծրագրերին, թեմատիկ վերապատրաստման ծրագրերին, ընդունելության կարգին և այլն:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո Կառավարման ակադեմիայի տաղավարին մոտեցավ նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը: Նշելով, որ քաջատեղյակ է բուհի գործունեությանը՝  նա հավելեց. «Կառավարման ակադեմիայի բարձր հեղինակության մասին երկու կարծիք չի կարող լինել, այդ մասին են վկայում կրթության և վերապատրաստման ոլորտում այս բուհի արձանագրած հաջողությունները»:

Փոխնախարարը հետաքրքրվեց նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ իրականացվող հեռավար կրթության ծրագրի մանրամասներով՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքները ևս դրական արդյունք ունեն:

Վահրամ Մկրտչյանը հաճույքով մասնակցեց նաև ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի առաջարկած հոգեբանական թեստին:

«Կրթություն և կարիերա էքսպո 2018» ցուցահանդեսը կավարտվի ապրիլի 13-ին: Մինչ այդ Ակադեմիայի թիմը կշարունակի անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել  ցուցահանդեսի այցելուներին:

Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին՝ մեր երկրի ապագա կառավարիչներին:

 

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց