Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կրթության որակի բարելավումը՝ մրցունակ կրթության գրավական

Նոյեմբերի 11-ին միջազգային հանրությունը նշում է Որակի համաշխարհային օրը։ Այդ առիթով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվել էր առցանց հանդիպում՝ «Կյանքի որակ և կրթության որակ» խորագրով: Հանդիպմանը մասնակցում էին Կառավարման ակադեմիայի չորս տասնյակից ավելի աշխատողներ, դասախոսներ, մագիստրանտներ, ասպիրանտներ ու հայցորդներ: Միջոցառման նպատակը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում աշխատանքային միջավայրի բարելավումն էր, ինչպես նաև կրթության որակի ապահովման գործընթացներում ակադեմիականների մասնակցությունն ու ներգրավվածությունը խթանելը:

Հեռավար հանդիպման աշխատանքը համակարգում էր ՀՀ ՊԿԱ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը: Ողջունելով նրանց և արդյունավետ աշխատանք մաղթելով՝ նա առաջինը ձայն տվեց միջոցառման նախաձեռնողին՝ ՀՀ ՊԿԱ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին: Վերջինս իր ողջույնի խոսքում հատկապես կարևորեց բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ապահովման և կրթության զարգացման խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը՝ ներկայացնելով դրա համար անհրաժեշտ նախապայմանները: Միաժամանակ առաջարկեց որակի ապահովման գործընթացներում ներգրավել նաև ուսանողներին:

Այնուհետև, համաձայն օրակարգի, Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսների շրջանում 2021 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքները, որը հետաքրքիր բացահայտումներ էր պարունակում Ակադեմիայում ուսուցանվող կրթական ծրագրերի, դասընթացների, դասավանդման և ուսումնառության որակի, կրթական միջավայրի և գիտական գործունեության իրականացման հնարավորությունների գնահատման, սովորողների գնահատման գործընթացի վերաբերյալ:

Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի խոսքը լրացրեց նույն կենտրոնի առաջատար մասնագետ Գայանե Մարտիրոսյանը՝ դիտարկումներ կատարելով որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության վերաբերյալ:

Եվրամիության Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող  SMARTI  (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի մասին բավական մանրամասն տեղեկություն հայտնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը: Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման 17 նպատակներից չորրորդը կրթության որակին է վերաբերում: Իսկ կրթության որակը հնարավոր է չափել առաջին հերթին կրթության վերջնարդյունքներով, որոնցից մեկն էլ լեզուների իմացությունն է: Տիկին Խեչոյանը, որպես SMARTI ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերի համակարգող բուհի ներկայացուցիչ, իր ելույթում անդրադարձավ ծրագրի շրջանակում նախատեսված՝ «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (EMI) ինը մոդուլի մշակման և բուհերում ներդնելու կարևորությանը:

Կյանքի և կրթության որակի բարելավման անհրաժեշտությանն անդրադարձավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնական գործընթացի կառավարման վարչության հեռավար ուսուցման բաժնի պետ Հասմիկ Ստեփանյանը՝ իր «Հեռավար կրթությունը՝ ժամանակի հրամայական» վերտառությամբ զեկուցման մեջ։ Խոսելով կրթության կարևորության, դրա որակի, մատչելիության, արդյունավետության ապահովման մասին՝ Հ․ Ստեփանյանն ընդգծեց, որ ուղիղ կապ գոյություն ունի կրթության և կենսամակարդակի միջև։ Նշելով, որ կրթության ոլորտի նոր մարտահրավերների պատճառով հեռավար կրթությունը դարձել է ժամանակի հրամայական, նա ներկայացրեց Կառավարման ակադեմիայում ստեղծված հեռավար կրթության հարթակը, դրա հնարավորություններն ու առավելությունները։

Կյանքի որակի ակմեոլոգիական տեսանկյունները ունկնդիրների համար բացահայտեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության, լեզուների և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Լաուրա Պետրոսյանը: Իսկ ՀՀ ՊԿԱ գիտական գործունեության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղազարյանը ներկայացրեց ասպիրանտական կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումները։ Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ պարբերական հարցումներ են անցկացվել նաև ասպիրանտների ու հայցորդների շրջանում, և շեշտեց դրա կարևորությունը՝ նրանց խնդիրները վեր հանելու և որոշակի տեղեկատվության տիրապետելու շնորհիվ կրթության որակը բարելավելու առումով։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտների և  հայցորդների շրջանում 2021 թվականի հոկտեմբերին անցկացված հարցման արդյունքները ներկայացրեց Որակի բաժնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը։ Այս դեպքում, բացի հարցման մասնակիցների անհատական տվյալներից, հետազոտության նյութ էին դարձել նրանց գիտական հոդվածներին, ղեկավարների հետ հաղորդակցությանն ու աշխատանքային համագործակցությանը, քննությունների անցկացման անաչառությանը, հետբուհական կրթական ծրագրերից բավարարվածությանը վերաբերող կարծիքներն ու տեսակետները։

Ե՛վ հանդիպման ընթացքում, և՛ զեկուցումներից հետո մասնակիցներն արձագանքեցին հնչող տեսակետներին, հանդես եկան առաջարկություններով։

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանն առաջարկեց «ոչ թե բյուրոկրատացնել, այլ հումանիզացնել կրթության որակի բարձրացման խնդիրը»։ Նրա համոզմամբ, «կրթությունը պետք է լինի ոչ միայն մասնակցային, այլև մրցունակ», իսկ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել ուսանողական գիտական ընկերության գործունեությանը։ Տիկին Մարգարյանը նաև առաջարկեց հետազոտություններում ընդգրկել դասախոս-ուսանող արտալսարանային հաղորդակցությանը վերաբերող հարցեր՝ պարզելու համար, թե ուսանողները պատրա՞ստ են իրենց ազատ ժամանակը տրամադրել դասախոսների հետ շփումներին, մասնակցել գիտական հարցերի քննարկումների կամ կոնֆերանսների։ Նա նշեց իրենց ամբիոնի՝ ՀՀ ՊԿԱ ՈՒԳԸ-ի հետ համագործակցության փորձի մասին, որի արդյունքում մեկ անգամ չէ, որ գիտական կոնֆերանսներ են կազմակերպվել։ Ուստի կարելի է եզրակացնել, որ ուսանողները պատրաստ են գիտական աշխատանքին նվիրվել նաև լսարանից դուրս, խորացնել գիտելիքները։

Մտքերի փոխանակությանը մասնակցեցին նաև ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը, ՀՀ ՊԿԱ ռեկտորի խորհրդական Խաչատուր Բեզիրջյանը, հայցորդ Անի Խանաղյանը, ասպիրանտ Արման Թադևոսյանը, մագիստրանտներ Մխիթար Գասպարյանը և Մարինե Մխիթարյանը։

Ակնհայտ էր, որ կրթության որակի ապահովման խնդիրները հուզում էին բոլորին։ Դրանք լուծելու համար յուրաքանչյուրն ուներ իր առաջարկությունը։ Իսկ այդ առաջարկությունները կամ բարձրացված խնդիրները, ուսանողների հավաստմամբ, մինչև այժմ անարձագանք չեն մնացել։

Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա մասնակիցները լիահույս էին, որ նման հանդիպումները շարունակական կլինեն, և ի հայտ եկող ցանկացած խնդիր կլուծվի կրթության գործի բոլոր կողմերի միահամուռ ջանքերով:

Նորություններ

Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող  SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատվական հարթակը…