Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կոռուպցիայի դեմ պայքարից մինչև երկրի առաջընթաց

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը, որի նպատակը մասնակիցներին կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելն է, հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի դրսևորումներին, տեսակներին, պատճառներին ու հետևանքներին ծանոթացնելը, կոռուպցիայի դեմ պայքարի եղանակները, Հայաստանում կոռուպցիայի դրսևորման առանձնահատկությունները ներկայացնելը։ Նախաձեռնությանն աջակցում է Բաց հասարակության ինստիտուտը:

Դասընթացի բացումը տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, որտեղ և նախատեսված է անցկացնել դասերը:

«Դժվար է գերագնահատել հակակոռուպցիոն պայքարի և այդ նպատակով իրականացվող ծրագրերի դերը ժամանակակից աշխարհում,- ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը:- Բոլոր երկրները ստորագրել են ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան, սակայն դա չի նշանակում, որ բոլորն էլ արդյունավետ պայքարում են կոռուպցիայի դեմ»:

Բանն այն է, որ շատ հաճախ կոռուպցիայի դեմ պայքարը ձևական բնույթ է կրում, և դա է պատճառը, որ այն հաջողությամբ չի պսակվում: Խ. Բեզիրջյանը համոզված է, որ այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է գիտելիքներ ունենալ պայքարի ձևերի ու մեթոդների մասին: Իսկ որ ամենակարևորն է՝ կոռուպցիայի ցածր մակարդակը վկայում է երկրի առաջադիմության մասին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն արդեն 20 տարի է, ինչ գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև երիտասարդների ուսուցումը այդ թեմայով: Ինչպես նշեց Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, գործունեության ընթացքում իրենք համոզվել են, որ հանրությունը երևույթի մասին գիտելիքի մեծ պահանջարկ ունի:

«Հատկապես այսօր, նոր հակակոռուպցիոն քաղաքականության ֆոնի վրա, խիստ կարևոր է խորացված գիտելիքի տարածումը,- ասաց Ս. Այվազյանը:- Անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կզարգանա ձեր կարիերան, այն գիտելիքը, որ կստանաք այստեղ, օգտակար է լինելու ձեզ»:

Նա հավաստիացրեց, որ դասընթացի մաս կազմող մոդուլները վարելու են լավագույն մասնագետներ՝ ՀՀ ՊԿԱ դասախոսները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները, ինչպես նաև հրավիրյալ փորձագետներ: Հաջողություն մաղթելով մասնակիցներին՝ նշեց, որ ակտիվություն է ակնկալում նրանցից, ինչը նույնպես գնահատվելու է:

Դասընթացի կազմակերպական կողմը ներկայացրեց ՀՀ ՊԿԱ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, դասախոս Գայանե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ կազմակերպիչները 231 հայտ են ստացել, որոնցից ընտրվել է 30-ը: Ընտրվածների մեծ մասը հանրային ծառայողներ են: Դասընթացի մասնակիցների թվում են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, անգամ ուսանողներ:

Մինչև 2020 թվականի ավարտը դասավանդվելու է երեք մոդուլ՝ «Կոռուպցիայի ներածություն», «Հակակոռուպցիոն քաղաքականություն և հաստատություններ» և «Կոռուպցիան քաղաքական գործունեության մեջ»։ Նախատեսված է դասընթացն անցկացնել երկու եղանակով՝ լսարանային պարապմունքների և ինքնուրույն աշխատանքների։ Լինելու են և՛ տեսական, և՛ գործնական դասեր, միաժամանակ տրվելու են հանձնարարություններ: Ընթացքում սովորողները կհավաքեն կրեդիտներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում սովորողը կստանա հավաստագիր։

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…