Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության գրավականը հասարակության մեջ նման պահանջի ձևավորումն է

 

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը հասավ վերջնագծին. հուլիսի 4-ին ավարտական վկայականներ ստացան դասընթացն ամբողջությամբ (3 պարտադիր և առնվազն մեկ ընտրովի մոդուլներ) անցած 15 մասնակից, իսկ 8 հոգի դասընթացը հաջողությամբ ավարտելու և նախատեսված դասաժամերի 80%-ին մասնակցելու համար ստացան հավաստագրեր:

Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող դասընթացի թեման խիստ արդիական է, քանզի կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարությունը հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը:

Դասընթացի երկրորդ թողարկման շրջանավարտներին վկայականներն ու հավաստագրերը հանձնեցին  ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Ակադեմիայի ռեկտորը նախ շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին համագործակցության համար, ապա, շնորհավորելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները ամուր հիմք կլինեն իրենց ոլորտներում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար: Եվ հենց իրենք կդառնան այն բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաները, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը՝ ձգտելով բարձրացնել հանրային վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացների նկատմամբ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ այդ նույն համոզմունքն է իրենց դրդում ուշադրության կենտրոնում պահելու հասարակության ուսուցումը: Այսուհանդերձ, նրա խոսքով՝ որքան էլ փորձենք պայքարել կոռուպցիայի դեմ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ նման պահանջ ձևավորվի հասարակության մեջ:

Սոնա Այվազյանը շնորհավորեց բոլորին ստացած գիտելիքների և դասընթացն ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այն նոր հեռանկարներ կբացի տարբեր ոլորտներից ու կառույցներից եկած մասնակիցների համար:

Դասընթացի մասնակիցները, մատնանշելով դասավանդող անձնակազմի արհեստավարժությունը, վստահեցրին, որ նրանց տված հիմնարար գիտելիքներից բացի՝ իրենք ձեռք են բերել այդ գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ և, որ պակաս կարևոր չէ, վստահություն միմյանց նկատմամբ:

 Շնորհակալական խոսքեր ուղղելով իրենց դասախոսներին՝ մասնակիցները առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին ՀՀ ՊԿԱ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, դասախոս Գայանե Հովհաննիսյանին՝ «պրոֆեսիոնալիզմի, հոգատարության և օպերատիվության», բարձր պատասխանատվության, պատրաստակամության և պարտաճանաչության համար:

Վստահությամբ կարելի է արձանագրել, որ ծրագրի շրջանակում իսկապես լավ թիմ էր հավաքվել, ինչն էլ իր հերթին նպաստեց, որ ծրագիրը հաջող ու արդյունավետ ավարտ ունենա: Հենց դա էլ այն երաշխիքն է, որի շուրջը կշարունակի կառուցվել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետագա համագործակցությունը:

Նորություններ

2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են…