Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կոմիտասի երգերում բնությունն է երգում

 

 

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտների և աշխատակիցների հետ իսկական իրադարձություն է: Այդ հանդիպումների ժամանակ կոմպոզիտորը Կոմիտասին և նրա գործունեությունը ներկայացնում է հայ ժողովրդի պատմության, մշակույթի, նրա անցյալի ու ներկայի համատեքստում՝ փորձելով ցույց տալ մեծագույն հայի տեղն ու դերը ոչ միայն երաժշտության մեջ, այլև մեր ինքնության, մեր տեսակի պահպանման գործում: Ու թեև այլ կոմպոզիտորների նման Կոմիտասը սիմֆոնիաներ, օպերաներ ու բալետներ չի գրել, այսուհանդերձ, նրա գործը համեմատելի չէ մյուսների հետ: Որովհետև Կոմիտասը արել է բոլորովին «ուրիշ բան», ուրիշ հարթության մեջ, ուրիշ չափումներով, նա երաժշտությունը «պեղել է» բնության ձայներից և մեր մշակույթը բարձրացրել համաշխարհային մակարդակի:

Հենց այս մասին էր խոսում Արթուր Շահնազարյանը դեկտեմբերի 12-ին ակադեմիականների հետ հերթական հանդիպման ժամանակ: Թեև հանդիպման առիթը Կոմիտասի 150-ամյա տարեդարձն էր, սակայն ասելիքը վերաբերում էր հազարամյակներին, քանի որ այն երգերը, որոնք Կոմիտասը հատիկ-հատիկ գրի է առել Հայաստանի գրեթե բոլոր գյուղերից, հազարամյակների խորքից են գալիս:

«Այնպիսի երգեր, ինչպիսիք հայտնաբերել ու գրի է առել Կոմիտասը, ուրիշ ժողովուրդներ էլ են ունեցել,- ասաց կոմիտասագետը:- Պարզապես նրանք չեն ունեցել Կոմիտաս… Նրա հավաքած երգերում կարելի է տեսնել հայ մարդու կերպարը, հայ ժողովրդի ոչ միայն քրիստոնեական, այլև նախաքրիստոնեական շրջանի մշակույթը և դեռ դրանից էլ առաջ… Կոմիտասը փորձեց գտնել երաժշտության մեջ բնության օրենքը: Այն երգերը, որոնք գեղջուկը երգել է գյուղերում, երգել է բնության՝ ծառի, հողի հետ մերված, իր երգերը չեն, դրանց մեջ բնությունն է երգում: Այդ երգերի միջոցով էր Կոմիտասը փորձում գտնել մի նոր հարմոնիա՝ բնության մի նոր օրենք»:

Կոմիտասի գրառած 1500 երգ է պահպանվել, սակայն մինչ օրս դրանցից ընդամնեը 200-ն է կատարվել: Այդ երգերում հայ ժողովրդի կյանքն է՝ ծնունդից մինչև հարսանիք, աշխատանքից մինչև սեր… Որովհետև հայ մարդը ինչ արել է, ինչով զբաղվել է, երգել է: Իսկ Կոմիտասը գրառել է հայ ժողովրդի քաղաքակրթության բոլոր դրսևորումները:

«Կոմիտասը մեզ պետք է, որ վերադառնանք ճիշտ մեր տեսակին, եթե, իհարկե, նման ցանկություն ունենք,- ասաց կոմպոզիտորը:- Կոմիտասը մեզ պետք է, որ վերագտնենք մեր ինքնությունը»:

Խոսքը զուգակցելով երգի հետ՝ Արթուր Շահնազարյանը փորձեց ցույց տալ, թե ինչպես պետք է հնչի իսկական, բնությունից ծնված երգը՝ բնական, առանց ավելորդ շեշտերի, կարծես սրտից բխող խոսք:

Այս ամենից հետո թերևս հեշտ չէր կոմպոզիտորի ներկայությամբ կատարել «Հորովելը», սակայն Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության երկրորդ կուրսի մագիստրանտ Ղազարոս Թեքնեջյանը համարձակվեց: Ավելին, արժանացավ Արթուր Շահնազարյանի դրվատանքին:

 

Նորություններ

2020-2021 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման հարցազրույցի արդյունքները