Կնքվեց ևս մեկ համագործակցության հուշագիր

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության շրջանակն ընդլայնվում է: Մայիսի 25-ին ՀՀ ՊԿԱ-ի և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր կնքվեց կրթության ու գիտության ոլորտում համագործակցություն զարգացնելու մասին: Այդ նպատակով Ակադեմիան հյուրընկալել էր ղազախական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Երլան Աբիլը, դեսպանատան պաշտոնյաներ, Ակադեմիայի ռազմավարական կենտրոնի ղեկավարը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկն ընդունելու համար, ապա խոսեց երկու կրթական հաստատությունների մասին, որոնք և՛ իրենց հիմնադրման նպատակով, և՛ կենսագրությամբ, և՛ կրթական ծրագրերով շատ ընդհանրություններ ունեն: Ռեկտորի համոզմամբ, ստորագրվող հուշագիրը կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև համագործակցության հետագա զարգացմանը:

Հայ-ղազախական կապերը, մասնավորապես երկու ակադեմիաների միջև ձևավորվող համագործակցությունը բարձր գնահատեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Բոլատ Իմանբաևը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ և պայմանավորվածություններ են նախորդել այս այցին, որոնց արդյունքը այս հուշագիրն է:

Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Երլան Աբիլը շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկի համար, ինչը սիրով ընդունել են: Նա ներկացրեց իր ղեկավարած հաստատությունը, այնտեղ իրականացվող կրթական ծրագրերը, իրենց պետության կառավարման համակարգի համար պետական ծառայողներ պատրաստելու հանձնառությունը:

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը խորհրդանշական նվերներ փոխանակեցին:

Leave a Reply