Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կլոր սեղանից մինչև գիտության զարգացում

 

 

 

 

 

Նոյեմբերի 23-24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կառավարման հոգեբանության արդի հետազոտությունները» թեմայով:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խ. Ղազեյանը կարևորեց նման հանդիպումները և հույս հայտնեց, որ կլոր սեղանները կվերածվեն գիտաժողովների՝ առավել խորությամբ քննարկելու ոլորտի արդի խնդիրները:

ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ. Պետրոսյանը նշեց, որ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն ոլորտի ներկայացուցիչների, այլև գիտության զարգացման համար, քանի որ ոլորտում տարբեր մասնագետների կողմից կատարվող հետազոտությունները համակարգված չեն, և շատ հաճախ իրականացվող հետազոտությունների մասին մյուսները պարզապես տեղյակ չեն լինում: Ուստի, այս ձևաչափով հանդիպման նպատակը նաև տեղեկանալն է գործընկերների հետազոտական աշխատանքների մասին, հասկանալը, թե ով ինչով է զբաղվում, որ բուհում գիտական ինչ ուղղություն է զարգանում:

Ներկայացված թեմաները հետաքրքիր էին ու բազմաբովանդակ: Նախ Լ. Պետրոսյանն անդրադարձավ «Անձնակազմի կառավարման հոգեբանական արդի հիմնախնդիրները» թեմայի առանցքային կետերին, ապա խոսեց հոկտեմբերի 18-21-ը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում տեղի ունեցած «Անանևյան ընթերցումներ-2022» միջազգային գիտաժողովի մասին, որին մասնակցելու և զեկուցումներով հանդես գալու հրավեր էին ստացել ինքը՝ ամբիոնի վարիչը, ամբիոնի պրոֆեսորներ Ռ. Աղուզումցյանը, Ա. Լոքյանը և դոցենտ Ս. Պողոսյանը: Տիկին Պետրոսյանը ներկայացրեց այն թեմաները, որոնցով մեր ներկայացուցիչները հանդես են եկել գիտաժողովում, և որոնց շուրջ հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներ են ծավալվել կազմակերպական հոգեբանության և կառավարման հոգեբանության սեկցիաներում: Անդրադարձավ նաև ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ մեր պատվիրակության հանդիպումներին:

Կլոր սեղան-քննարկումը շարունակվեց Ս. Պողոսյանի ելույթով՝ «Ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն» թեմայով:

Այնուհետև Ակադեմիայի ասպիրանտ Ս. Բաղդասարյանը խոսեց ռազմական անձնակազմի հոգեբանական կայունությունը պայմանավորող գործոնների վերաբերյալ իր կատարած ուսումնասիրության մասին, իսկ կառավարման համակարգում ղեկավարի դերի և գործառույթների մասին հետազոտության արդյունքը ներկայացրեց հայցորդ Մ. Քոչարյանը:

Նոյեմբերի 24-ին կլոր սեղան-քննարկումը շարունակվեց Ռ. Աղուզումցյանի ելույթով: Քննարկվող թեման էր «Անձնակազմի հոգեբանական ընտրության հիմնահարցը»:

Կառավարչական գործունեության մեջ անձի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների և դրանց կարևորության մասին խոսեց Ա. Լոքյանը:

ՀՀ ՊԿԱ ասպիրանտներին երկրորդ օրը նույնպես ամբիոն տրամադրվեց: Ա. Ստեփանյանը խոսեց անձի մասնագիտական կայացման վրա ազդող գործոնների մասին, իսկ Ա. Գևորգյանի հետազոտության թեման վերնագրված էր «Մայնդֆուլնես մեդիտացիան՝ որպես անձի ստեղծարարության զարգացման միջոց»:

Ակնհայտ էր, որ Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի կազմակերպած կլոր-սեղանը հետաքրքիր էր ոչ միայն մասնագետների, այլև մյուս մասնակիցների համար: Իսկ արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ. հնարավոր է՝ ծավալված մտքերի փոխանակման արդյունքում նոր գաղափարներ ծնվեն, որոնք հիմք կդառնան նոր ուսումնասիրությունների, հետևաբար նաև գիտության զարգացման համար:

 

 

 

 

Նորություններ

Նոյեմբերի 23-24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կառավարման հոգեբանության…