Խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները

Հունիսի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» (Դելոյթ) ընկերության միջև սկիզբ դրվեց նոր համագործակցության` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի»-ի լիազորված ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը ստորագրեցին համագործակցության նամակ մեկ ընդհանուր նպատակով` «աջակցել Հայաստանի Հանրապետությանը ջրային ոլորտի կառավարման մոտեցումները բարելավելու և ջրի հասանելիության հավասար հնարավորություններ ստեղծելու հարցում` ապահովելով որակյալ ջուր, ինչպես նաև խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները»:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խ. Ղազեյանը շատ կարևոր է համարում ջրային ոլորտում ռիսկերի կառավարումը, մանավանդ որ բոլորովին վերջերս ականատես եղանք, թե ինչպիսի ավերածությունների պատճառ կարող է դառնալ վարարած գետը: Նրա խոսքով, նման երևույթների կանխարգելումը, ստեղծված ճգնաժամային իրավիճակի կառավարումը և հետևանքների վերացումը միայն տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթը չէ. հանրության բոլոր շերտերը պետք է պատրաստ լինեն դրան: Ուստի նման ծրագրի իրականացումը խիստ արդիական է:

«Դելոյթի» ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը նշեց, որ իրենց նպատակը պետական մարմիններում ջրային ոլորտին առնչվող որոշումներ կայացնող անձանց օգնելն է` մշակելով հավաստի տվյալների վրա հիմնված քաղաքականություն և ռազմավարություն: Նա ներկայացրեց նաև «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի բաղադրիչները` առաջատար տեխնոլոգիաների և գործիքների կիրառում, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների խթանում, համագործակցություն հարևան երկրների հետ, ջրային ոլորտի կառավարման և ջրի հասանելիության բարելավում: Ա. Վարոսյանի խոսքով` ծրագիրը բարելավելու է խմելու ջրի և ոռոգման ջրի հասանելիությունը, խթանելու է հարևան պետությունների, գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը` համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների համակառավարման, իրավական փաստաթղթերի, ժամանակակից գործիքակազմի մշակման և ներդրման հարցում:

Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման գործում Ակադեմիայի գործառույթներին, ապա դրանք քիչ չեն և պակաս կարևոր չեն. մասնագետների, ուսանողների և այլ շահագրգիռ անձանց ներգրավում ջրային ոլորտին վերաբերող փաստաթղթերի մշակման գործում, ակադեմիական տեսակետների և հետազոտական նյութերի տրամադրում` ոլորտի իրավական դաշտն ու քաղաքականությունը բարելավելու համար, ուղեցույցների տրամադրում` դասավանդման մոդուլների մշակման համար, աջակցություն դասավանդողների վերապատրաստմանը և այլն:

Խ. Ղազեյանը հատկապես շեշտեց վերապատրաստման դասընթացների միջոցով ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված գերատեսչությունների կարողությունները բարելավելու կարևորությունը: Նկատի ունենալով, որ Պետական կառավարման ակադեմիան վերապատրաստումների իրականացման հարուստ փորձառություն ունի` ռեկտորը նշեց, որ գիտելիքների մնայուն լինելու և հետագայում դրանք կիրառելու նպատակով ճիշտ կլինի, եթե վերապատրաստման դասընթացների մասնակցությունն ամրագրվի փաստաթղթով:

Փաստաթղթի ստորագրման արարողության մասնակիցները ծրագրի վերաբերյալ մի քանի հարց հնչեցրին, որոնց «Դելոյթի» ներկայացուցիչները հանգամանալից պատասխաններ տվեցին:

Leave a Reply